«Արայ»-ի սեփականատերը ինքնասպան է եղել

19

Հոկտեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Արայ» ՍՊԸ-ին պատկանող «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղին, հայտնաբերել է 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` «ՏՏ» ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:
Ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սև կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` «ՏՏ» ատրճանակի կրակված 1 պարկուճ:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: