Լիրիդների ասուպային հոսքից մոտ երկու շաբաթ անց սպասվում է մեկ այլ՝ Էտա Աքվարիդների ասուպային հոսքը,ևայն առավելագույն փուլում կգտնվի մայիսի 5-6-ի գիշերը և կդիտվի Ջրհոսի (Aquarius) համաստեղության ուղղությամբ:
Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ: Հոսքի ինտենսիվությունն իր մաքսիմումում կհասնի ժամում միջինում 12 ասուպի:
Ամեն տարի առաջին Էտա Աքվարիդները կարելի է դիտել ապրիլի 21-ից սկսած, և հոսքը շարունակվում է մինչև մայիսի 12-ը:
Երկիրն Արեգակի շուրջ իր պտույտի ընթացքում տարին մեկ անգամ անցնում է Հալլեյի գիսավորից անջատված փոշու միջով, ինչով էլ պայմանավորված է Էտա Աքվարիդների հոսքը:
Սրանք խիստ արագաշարժ, երկարավուն հետքեր թողնող ասուպներ են: Այս ասուպային հոսքի հայտնաբերման տարեթիվն ընդունված է համարել 1870 թվականը, սակայն ըստ չինական պատմական գրառումներում պահպանված տվյալների՝ դրանց գոյությունն արդեն հայտնի էր դեռ մ.թ. 410 թվականին: Աղբյուրը` a1plus.am














