«Աշխատասեր» պաշտոնյաների Հայաստան. նրանք չեն շտապում հանգստի մեկնել

10

Ամառային հանգստի մեկնել, ինչպես պարզվում է, մեր երկրի բարձրաստիճան այրերը դեռ չեն շտապում: Միամտություն կլինի կարծել, թե նրանք գումարի համար են երկմտանքի մեջ, ամենևին էլ ոչ` գուցե դեռ «դոբրոն» չեն ստացել:

«Ազատ Ձայն» լրատվականը փորձեց պարզել երկրի պաշտոնյաների հանգստի ախորժակը: Նախ հարկ է նշել, որ իրենց` պաշտոնյանների մեծ մասը դեռ չի որոշել, թե երբ և որտեղ է հանգստանալու կամ էլ ավելի տրամաբանական է կարծել, որ անհարմար են զգում բարձրաձայն հայտարարել իրենց հանգստի վայրը, չէ որ իրական հայտարարված եկամուտներն ու ծախսերը ուղիղ համեմատական չեն: Այսպիսով` ՀՀ մշակույթի նախարարությունից ասացին, որ ըստ երևույթին Հասմիկ Պողոսյանը չի գնա արձակուրդ. «համենայն դեպս մեզ չեն ասել, դե հո չենք հարցնելու, բայց երևի չի գնա»,-ասացին նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանն ասաց, որ նախարարը դեռ չի որոշել մեկնելու է հանգստի, թե` ոչ: Իսկ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընտանիքի հետ արտասհմանում կվայելի հանգիստը ու մոռացության կտա քաղաքական կյանքի վատ կողմերը: Ինչպես հայտնում են նախարարության մամուլի և հասարակայնության բաժնից, Արմեն Աշոտյանը մեկնելու է 15 օրյա հանգստի` արտասահմանում, բայց թե որքան գումար է նախատեսել ծախսել կրթության ոլորտի ամենապատասխանատուն, պարզ չէ: Փորձեցինք պարզել նաև, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանը ինչպես է իր ամառային հանգիստը մտադիր անցկացնել: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ, Տեր-Պետրոսյանը ողջ ամառը կանցկացնի Երևանում և կզբաղվի ընթացիկ քաղաքական գործունեությամբ: Ոմանք գործունեությունն են կարգավորում, ոմանք էլ ընտանեկան խնդիրներ են լուծում: Իսկ էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարը հանգստի չի մեկնի, քանի որ այլ խնդիրներ ունի լուծելու: Նախարարի մամլո քարտուղարի տեղեկացմամբ, նա դեռևս չունի պլաններ հանգստի մեկնելու` փոխարենը պետք է լինի այստեղ. «քանի որ աղջիկը ԲՈՒՀ է ընդունվում»: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ևս, ինչպես պարզվում է `դեռ չի որոշել հանգստի կմեկնի, թե` ոչ:

Այն, որ բարձրաստիճան պաշտոնյաները ամեն դեպքում կմեկնեն հանգստի` դա անհերքելի փաստ է: Ու անհերքելի է նաև, որ նրանք դրա համար կծախսեն հազարավոր դոլարներ, մինչդեռ հասարակ քաղաքացիների գերակշիռ մասը կշարունակեն հանգստյան օրերին ևս անհանգստանալ` օրվա հացն աշխատելու համար: