Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությունը

8

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը այսօր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի՛ Տիկին Պետքարտուղար,
Հաճույքով եմ ձեզ նորից ողջունում Հայաստանում: Անցյալ անգամ ձեր այցը համընկավ ԱՄՆ Ազգային տոնի՝ հուլիսի 4-ի հետ: Այս այցը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ: Այս համընկումները դրական խորհրդանիշ են պարունակում:
Երևանյան նախորդ և այս այցի միջև անցել է երկու տարուց մի փոքր պակաս ժամանակ, բայց այս ընթացքում մենք մի շարք հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու Վաշինգտոնում և տարբեր քաղաքներում միջազգային համաժողովների շրջանակներում: Անկախ նրանից, թե տարվա որ ամսին և որտեղ են անցել այդ հանդիպումները, դրանք եղել են բացառապես ջերմ, բովանդակալից և արդյունավետ, պարունակել են կարևոր և դրական ուղերձներ: Ձեր այցը Հայաստան, տարածաշրջան վկայում է այն առանձնահատուկ վերաբերմունքի մասին, որն ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը տածում է Հարավային Կովկասի նկատմամբ: Հայաստանի և ԱՄՆ ղեկավարությունների միջև հանդիպումները, ես հատկապես կառանձնացնեի նախագահներ Սարգսյանի և Օբամայի հանդիպումը 2010 թ. ապրիլին Վաշինգտոնում, վկայում են հարաբերությունների խորացման մեր մեծ կամքի մասին:

Հարյուրամյակից այն կողմ ձգվող մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը, որի մեջ առանձնահատուկ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարությունը, տրամաբանորեն արտացոլվեց երկու տասնամյակը բոլորած հարաբերությունների՝ միջպետական հարթությունում։

Երկկողմ ջանքերի շնորհիվ, Տիկի՛ն Պետքարտուղար, ձեր անձնական՝ անգնահատելի ավանդով մեր միջև գոյություն ունեցող փոխվստահությունը և փոխըմբռնումը բարեկամական գործընկերության հետագա ընդլայնման լավագույն հենասյուներն են։

ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը, որն արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, վերաբերում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ բարեփոխումները, ժողովրդավարության խորացումը, օրինականության գերակայությունը, տնտեսության արդիականացումը: Մենք սերտ փոխգործակցություն ունենք նաև միջազգային ասպարեզում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման շուրջ, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում, Կոսովոյից մինչև Աֆղանստան խաղաղապահ առաքելություններում, գլոբալ այլ մարտահրավերների հաղթահարման շուրջ:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր իր շարունակական աջակցությունն է բերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, որը գտնվում է ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի մշտական ուշադրության կենտրոնում: Համանախագահ մյուս երկրների հետ, ԱՄՆ-ը գործադրել է ինտենսիվ ջանքեր և ընդունել բարձր մակարդակի բազմաթիվ կարևոր համատեղ հայտարարություններ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Տիկի՛ն Պետքարտուղար, մեկ անգամ չէ, որ մենք արտահայտել ենք նույն մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ մոտեցումը եղել և մնում է հարաբերությունների կարգավորումը առանց նախապայմանների: Այս գործընթացում դուք ունեցել էք բացառիկ ներդրում: Ցավոք, գնդակն այդպես էլ գտնվում է թուրքական դաշտում:

Դեռևս 20 տարի առաջ Պետքարտուղար Ջեյմս Բեյքըրը նշում էր, որ ազատ, ժողովրդավարական, անկախ Հայաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, կիսում են նույն՝ ժողովրդավարության, ազատության, շուկայական հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության արժեքները: 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, որն այսօր արդեն մարդասիրական օգնությունից աստիճանաբար վերածվում է զարգացման ծրագրերի և փոխշահավետ համագործակցության:

Հարգելի՛ տիկին պետքարտուղար, մենք երախտագիտություն ենք հայտնում Նախագահ Օբամայի վարչակազմին և Ձեզ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդման հարցում Ձեր անձնական նվիրվածության և առանձնահատուկ ներդրման համար։ Ես լիահույս եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը նոր՝ առավել լայն հեռանկարներ կբացի երկկողմ հարաբերություններում։

Կրկին անգամ կցանկանայի ողջունել Ձեզ, Տիկին Պետքարտուղար և ձեր պատվիրակությանը Հայաստանում:

Նալբանդյանը պատասխանել է նաև հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին՝ շեշտելով. >,- ընդգծել է ԱԳ նախարարը: