Ադրբեջանը սահմանափակում է իր երկրում ԵԱՀԿ առաքելությունը

8

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Հարի Ռոբինսոնը մարտի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով Բաքվում ԵԱՀԿ լիազորությունները և առաքելությունը սահմանափակելու պաշտոնական Բաքվի ծրագրերի մասին:

«Մենք ստացել ենք Ադրբեջանի կառավարության խնդրանքը՝ Բաքվում ԵԱՀԿ մանդատը փոխելու մասին»,- ասել է նա:

Ռոբինսոնը նշել է, որ Բաքվում առաքելությունը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի ժողովրդավարական կառույցների զարգացման գործում:

«Մենք ենթադրում ենք, որ Ադրբեջանի կառավարության շահերից է բխում պահպանել ավելի վաղ համաձայնեցված մանդատի ներկայիս լիազորությունները»,- նշել է Ռոբինսոնը:

Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը, և երկրի իշխանությունները նման ուղերձով չեն դիմել ԵԱՀԿ-ին: Սակայն դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ` Բաքուն ցանկանում է ԵԱՀԿ առաքելության կարգավիճակն իջեցնել մինչև նախագծերի համակարգողի մակարդակի: