Ադրբեջանը նոր պատերազմ է հրահրում. նախագահի հարցազրույցը Reuters-ին

9

«Ադրբեջանը ռազմական գործողությունները վերսկսելու նպատակով սարսափելի քանակությամբ զինամթերք է կուտակել»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում` շեշտելով, որ դրանով իսկ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ է հրահրում:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ամեն դեպքում ցանկանում է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը և ջանքեր չի խնայի խաղաղության հասնելու համար:

Reuters-ը հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ղարաբաղա-ադրեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նկատելիորեն ակտիվացել են` մեծացնելով ռիսկը տարածաշրջանում, որտեղ շահեր ունեն Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։

«Երբ ես ասում եմ, որ Ադրբեջանում առկա է հայատյացություն` քսենոֆոբիա, երբ ասում եմ, որ Ադրբեջանում կուտակում են զինամթերք, երբ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները և հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, դա չի նշանակում, որ անհրաժեշտություն չկա շարունակել բանակցությունները»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Գործակալությունը գրում է, որ երկու պետությունների միջև լարվածությունն ավելի է թեժացել այն բանից հետո, երբ Հունգարիան ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինիս Ադրբեջանում ներում և հերոսի կոչում շնորհեցին:

Ըստ Reuters-ի՝ նավթով հարուստ Բաքուն վերջին տարիներին մեծացրել է իր ռազմական ծախսերը, սակայն մերժում է այն մեղադրանքները, որ Ադրբեջանն է իրականում այս հակամարտության ագրեսորը: Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները տարիներ շարունակ միջնորդական առաքելություն են իրականացնում ԵԱՀԿ շրջանակներում, սակայն ուղղակի շփումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այս հարցի վերաբերյալ, դադարել է ադրբեջանցի սպայի ներումից հետո։

Պարբերականի այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ նախագահը վստահ է, որ կտեսնի ԼՂ համակարտության կարգավորումը, Սերժ Սարգսյանը նշել է. «Ես հավատում եմ, որ երբեք չեմ տեսնի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա ինքնին հսկայական հաջողություն է»: