Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը կրկին առաջապահ դիրք դուրս չի բերել

3

«Ադրբեջանական կողմը դիտարկման ընթացքում հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր». ԼՂՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մայիսի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մերձակայքում:

Այս մասին նշված է ԼՂՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ. «Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ (ԲՄՊԽ), մայոր Վիտալի Բելոկոնը (Ռուսաստան):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ), դեսպան Անջեյ Կասպրշիկը (Լեհաստան): Դիտարկման խմբի կազմում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»: