Ադրբեջանա-թուրքական նպատակները չիրականացան

6

Դեպի ծով ուղղակի ելք չունեցող երկրի համար հեշտ չէ զարգանալ երկու անմիջական հարևանների հետ փակ սահմանների պայմաններում: Այս մասին «Էքսպերտ» ամսագրին տված հարցազրույցում նշել է Սերժ Սարգսյանը:

Այն հարցին, թե «Հայաստանն, ըստ էության, գրեթե քսան տարի ապրում է տնտեսական շրջափակման մեջ: Ինչպե՞ս է երկրին հաջողվում գոյատևել»,նախագահը պատասխանել է. «Դուք ճիշտ եք` գլոբալիզացիայի և տարածաշրջանային ինտեգրացիոն ինտենսիվ գործընթացների դարաշրջանում դեպի ծով ուղղակի ելք չունեցող երկրի համար հեշտ չէ զարգանալ երկու անմիջական հարևանների հետ փակ սահմանների պայմաններում: Դա բացասաբար է ազդում ինչպես մեր երկրի տնտեսության, այնպես էլ ողջ տարածաշրջանի լիարժեք զարգացման վրա: Բաքվի ու Անկարայի համակարգված հակահայկական, հակաիրավական քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանային ինտեգրացիային, հանգեցնում է տարածաշրջանի մասնատմանն ու խոչընդոտում է Հարավային Կովկասում ամուր խաղաղության ու կայունության հաստատմանը: Դա լրջագույնս խոչընդոտում է մեր արտադրողների մրցունակությանը: Մեր արտահանողները ստիպված են լրացուցիչ ջանքեր ու միջոցներ ներդնել շրջափակման հետ կապված վնասների փոխհատուցման ու խնդիրների լուծման համար»:

Սարգսյանը խոսել է նաև տարեցտարի աճող զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի զարգացման ընթացքում սփյուռքի մեծ ներգրավվածության մասին:

«Ոչ քիչ կարևորություն ունի զբոսաշրջությունը. տարեցտարի աճում է օտարերկրյա այն զբոսաշրջիկների քանակը, ովքեր ցանկանում են այցելել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիրն ու դիտել բիբլիական Արարատը: Հայաստանում ինտենսիվ զարգանում են զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքները:

Ներդրումների ներգրավման հարցում քիչ դեր չունի հայկական սփյուռքը: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ադրբեջանա-թուրքական շրջափակմամբ հետապնդվող նպատակները ոչ միայն չիրականացան, այլև երբեք չեն էլ իրականանալու»,-շեշտել է Սերժ Սարգսյանը: