ԱՄՆ. Քրիստոնեական եկեղեցիները վերադարձնել օրինական տերերին

15

Ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20–ին ընդունել է խիստ ձևակերպումներ պարունակող որոշում՝ պահանջելով, որ Թուրքիան բոլոր քրիստոնեական եկեղեցիները վերադարձնի դրանց «օրինական սեփականատերերին»։ Այս մասին հաղորդում է Panorama.am:

43 կողմ և 1 դեմ ձայնով Կոնգրեսի հանձնաժողովը համապարփակ հավելված է որդեգրել ԱՄՆ Պետական դեպարտամենտի օտարերկրյա հարաբերությունների «Լիազորման մասին» ակտում՝ կոչ անելով «Պետական քարտուղարին Թուրքիայի ղեկավարների և Թուրքիայի այլ պաշտոնյաների հետ բոլոր պաշտոնական հաղորդակցությունների ժամանակ նշել, որ Թուրքիան պետք է»`վերջ դնի բոլոր տեսակի կրոնական խտրականություններին, թույլ տա, որ քրիստոնեական եկեղեցիների գույքի օրինական սեփականատերերը իրականացնեն կրոնական արարողություններ և մատուցեն սոցիալական ծառայություններ, վերադարձնի օրինական տերերին քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը և այլ կրոնական գույքը, ներառյալ արվեստի գործերը, ձեռագրերը, զգեստները, անոթները և այլ իրերը և թույլ տա քրիստոնեական եկեղեցիների գույքի օրինական հոգևոր և աշխարհական սեփականատերերին վերանորոգել Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը և ամբողջ կրոնական գույքը:

Չնայած հավելվածն իրավական պարտադիր ուժ չունի, այն բարոյական հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր բարձր են գնահատում կրոնի ազատությունը և քաղաքական մեծ հաղթանակ է ամերիկահայ համայնքի համար, որը առճակատման ելնելով Թուրքիայի հզոր լոբբիի դեմ՝ ջախջախիչ հարված է հասցրել։