Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հրատապ հարցեր՝ Ռուսաստանի և Եվրամիության փոխգործակցության, Ուկրաինայի հարցով մինսկյան պայմանավորվածությունների իրականացոման վերաբերյալ: «Ցավոք, մեր հարաբերությունները գտնվում են ոչ լավ վիճակում, առևտրաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, ինչը միայն ցավ է առաջացնում: Իմ կարծիքով` մենք պետք է գտնենք մեր հարաբերությունների վերականգնման ուղիներ, և, կարծում եմ, դրանում բոլորը շահագրգռված են»,- ասել է ՌԴ նախագահը:
Ի պատասխան Օլանդը նշել է, որ իրենք ապացուցել են, որ մենք չեն կարող հաշտվել ո՛չ ուկրաինական ճգնաժամի, և ո՛չ էլ ՌԴ-ի ու ԵՄ-ի, հատկապես՝ Ֆրանսիայի հարաբերությունների վատթարացման հետ: «Իհարկե, որպեսզի լավագույնս դուրս գանք այս իրավիճակից, անհրաժեշտ է շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով: Մենք երկուսս էլ ձգտում ենք այդ պայմանավորվածություններին, աշխատում դրանց ուղղությամբ, գործադրում բոլոր ջանքերը, որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի»,- նշել է Ֆրանսուա Օլանդը:














