Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ քննարկումները վերակենդանացնելու առաքելությունը, հաղորդում է AFP գործակալությունը։
«Ես խնդրել եմ Ժան-Պոլ Կոստային, ով մեր ամենամեծ իրավագետներից մեկն է, գտնել, թե մեր իրավական օրենսդրության մեջ որոնք են այն հուսալի, անվիճելի ուղիները, որոնք թույլ կտան պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը»,- հայտարարել է Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:
Ինչպես նշվում է հոդվածում, Օլանդը հստակեցրել է, որ Ժան-Պոլ Կոստան պետք է շատ կարճ ժամանակահատվածում իր եզրակացությունները ներկայացնի այն երաշխիքների վերաբերյալ, որոնք կբացառեն ցանկացած օրենսդրական վիճարկում:











