Խմբակցության հերթական հանդիպումն էր, շատ հնարավոր է, որ մյուս շաբաթ նաև արտահերթ խորհրդարանական նիստ ունենանք, հարցեր լինեն քննարկելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության հրավիրված նիստի մանրամասները:
«Վարչապետը ելույթ ունեցավ, հետո հնչեցին հարցեր, խմբակցության ելույթներ։ Այս հանդիպմանը որևէ սենսացիոն բան չի քննարկվել, քննարկվել են պարտադիր հարցերը, բայց այն կարևորությամբ չէ, որը ենթադրում եք»,- ներկայացրեց նա:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին առնչվող հարցեր քննարկվել են, թե ոչ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որևէ նոր բան չկա ասելու, այն ինչ հրապարակավ ասվում և քննարկվում է, մենք արդեն ապացուցել ենք, որ վերջ ի վերջո նույն բանն ենք ասում»:
Խոսելով Սահմանադրական փոփոխությունների հարցին մասին ԱԺ փոխնախագահը նշեց, որ երկուշաբթի կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և նախագծի քննարկման փուլում այն կլինի:
Դիտարկմանը, թե արդյոք անհանգստացնո՞ղ է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը, Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, չի անհանգստացնում, ինչի՞ պետք է անհանգստացնի: Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և մարդկանց այն ընկալումը, որ ինչ-որ մեկին բռնում են, ինչ-որ մեկին բաց թողնում: Մենք որևէ մեկին չենք բռնում և բաց թողնում, դա քաղաքական որոշում չի եղել ու չի կարող երբևէ լինել ՀՀ-ում: Իրավական պրոսեցը շարունակվում է»:
Սիմոնյանը նշեց, որ նախորդ անգամ, երբ Քոչարյանի կալանքը փոխվեց և շրջափակվեցին դատարանները՝ վեթթինգ իրականացնելու նպատակով, քաղաքացիական ակցիա էր:
Կառավարության կազմի փոփոխման վերաբերյալ հարցի մասին Սիմոնյանն ասաց, որ իրենց դիրքորոշումն անտարբերությունն է և նման հարցերին այսօրվա նիստում որևէ կերպ անդրադարձ չի եղել:










