Քաշաթաղի շրջանում ագորա և զիկուրատ են հայտնաբերվել, որոնցից մեկի տակ կան նաև ծիսական աստիճաններ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց գրող-հրապարակախոս, լրագրող, նկարիչ, «Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը։
«Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայագիտական հետազոտությունների հիմնադրամ»-ի հետ որոշվել էր, որ հնագիտության և ազգագրության ինստիտուտը մի արշավախումբ կազմակերպեր Արցախի նորահայտ ամրոցների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու համար, սակայն Քաշաթաղում արշավախումբը բացահայտել է կիկլոպյան շարվածքով, հզոր պատերով մի ամրոց, որն անխաթար է մնացել։ Բակուր Կարապետյանի խոսքով՝ «միջնադարը հետքեր չի թողել դրա վրա»։
«Այդտեղ հայտնաբերել ենք նաև մի հսկա աշտարակ, որից հետո տեսել ենք, որ դրա տակ կան նաև աստիճաններ, որոնք ձգվում են 70 մետր երկարությամբ։ Մի մարդ, ով Ամերիկայից ընտանիքով վերադարձել էր Հայաստան և դպրոցաշինությամբ էր զբաղվում, Քաշաթաղում հետաքրքրվեց մեր ծավալած գործունեությամբ և ասաց, որ ինքը միջոցներ ունի ու կարող է դրանք տրամադրել աշխատանքներ իրականացնելու համար։ Հնագիտության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը մեր արշավախմբի առաջարկով դարձավ խմբի ղեկավարը, և սկսեցինք պեղումները»,- պատմեց «Շուշի» հիմնադրամի տնօրենը։
Պեղավայրում մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն կիկլոպյան շարվածքները, այլ նաև երկու աշտարակները և դրանց տակ գտնվող աստիճանավանդակները, որոնք առանձին հարթակներով էին։
«Տեղ-տեղ 3,5 մ բարձրություն ունեին այդ աստիճանները։ Դրանք, իհարկե, քայլելու աստիճաններ չէին, այլ հնարավոր է, որ ամեն մի հարթակ որևէ ծեսի նվիրված լինի, և գուցե այդ աշտարակի ամենաբարձր հարթակը զոհասեղան ունենա ու նվիրված լինի արևին։ Այս ամենն, իհարկե, դեռ պետք է ճշտել և մանրամասն ուսումնասիրել»,- ընդգծեց Բակուր Կարապետյանը։
Այդ ամրոցներն իրենց տեսակներով ագորա և զիկուրատ են։ Ագորան գտնվում է Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ գյուղերի մեջտեղում տեղակայված մի լեռան վրա։ Նրա կարծիքով, այդ ամրոցները ամենայն հավանականությամբ երկաթե դարի ժամանակաշրջանի կառույցներ են։ Երկու աշտարակները գտնվում են իրարից 50-60 մ հեռավորությամբ։
«Սրանք այնպիսի հզոր կառույցներ են, որ չէին կարող պատկանել որևէ իշխանի։ Կարծում եմ, եղել են հոգևոր-վարչական կենտրոններ։ Այդ ամրոցի շուրջը բոլոր բարձունքների վրա տեղակայված են բերդեր, ամրոցներ, դիտակետեր, և երևում է, որ ամեն ինչ մի կենտրոնից է կառավարվել։ Այնտեղ կան նաև մի շարք իշխանական դամբարաններ, որոնք անհրաժեշտ է պեղել։ Դրանք պեղելով՝ շատ նյութեր կհայտնաբերվեն, և դրանց միջոցով տարբեր բաներ կարելի է բացահայտել»,- ասաց գրող-հրապարակախոսը։