Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել. Բելառուսի արձագանքը

9

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում կպահանջի ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաներն Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։

Ինչպես հայտնում է belsat.eu կայքը, արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով  պատժել կամ ներում շնորհել»:

«Հավանաբար, դա ընդունելի կլիներ ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլազը:

Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ «պարոն Փաշինյանը դեռևս չի հասկացել, որ  այսպես կոչված «փողոցային ժողովրդավարության» կանոներն անընդունելի են մեծ քաղաքականությունում»:

«Ափսոս: Լիահույս ենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի»,-եզրափակել է խոսնակը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման շրջանակում ներկայացրել էր ավելի վաղ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկված թեմաները:

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ այս առնչությամբ պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից:

«Դա մոտավորապես նույնն է, եթե ես հրավիրեի ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող որևէ երկրի դեսպանի ու պատմեի նրան փակ դռների հետևում կայացած հանդիպման մասին»,-ասել էր Փաշինյանը: