Փայլանը դիմում է ներկայացրել մեջլիս հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու համար

7

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու դիմում է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը: Այս մասին «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գրել է «Ակօս» շաբաթաթերթը:

«Ժամանակավոր տեղահանության օրենք»-ը ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին և ուժի մեջ էր մտել նույն թվականի հունիսի 1-ին «Takvim-i Vekâyi» պաշտոնաթերթում տպագրվելուց հետո:

Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:

Փայլանը դիմումի մեջ ընդգծել է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի ընդունումից հետո Օսմանյան Կայսրությունում բնակվող հայ բնակչությունը ենթարկվել է տեղահանման, բացի այդ այն հայերի, ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածի պատճառ է դարձել: Ըստ Փայլանի՝ չնայած 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել:

Փայլանը նշել է, որ այդ օրենքի պատճառով բազաթիվ մշակութային արժեքներ ու անշարժ գույք բռնազավթվել է կամ էլ առգրավվել է պետության կողմից: