Կառավարության այսօրվա արտահերթ նիստին վարչապետն անդրադարձավ երկրում վարակի տարածմանն ու հակահամաճարակային կանոնների պահպանմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է:
«ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր թվերն արտահայտում են, թե բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու ու սոցիալական հեռավորություն պահելու կանոնները»։
Վարչապետը նաև նշեց, որ այդ կանոնները պահպանելու համար վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն այդ վարչական լծակները։ Նա շեշտեց, որ մեր հիմնական անելիքը յուրաքանչյուրի անելիքի մեջ է պարփակվում։ Վարչապետն անդրադարձավ նաև ապատեղեկատվություն տարածողներին, մասնավորեապես նրանց, ովքեր ասում են՝ հիվանդություն չկա:
«Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը, ու սա կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել, սրանով պետք է զբաղվեն օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները»,-ասաց նա։











