Վարչապետը եղել է խորհրդարանում, բայց մենք բոլորս դիմակով այնտեղ նստած ենք եղել. Մակունց

10
Նախորդ քառօրյա նիստերին վարչապետը եղել է խորհրդարանում. մենք բոլորս դիմակով այնտեղ նստած ենք եղել, եւ կարծում եմ՝ պետք է որ խնդիր առաջացած չլինի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ինչ վերաբերում է ԱԺ-ում պատգամավորների թեստավորմանը, մենք բոլորս կրում ենք դիմակներ: Եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ պետք է հանձնենք թեստեր, ուրեմն կհանձնենք: Ես չգիտեմ՝ թեստավորման անհրաժեշտության կա, թե ոչ, ես չեմ այն անձը, որին պետք է այդ հարցը տալ: Կսպասենք նախարարության, պարետատան ցուցումներին, չեմ կարծում, թե որեւէ խնդիր կա, որովհետեւ մենք բոլորս դիմակներ կրել ենք»:

Դիտարկմանը, որ առողջապահության նախարարությունը հորդորում է կոնտակտավորներին ինքնամեկուսանալ, եւ ԱԺ ներսում պատգամավորներ կան, որ կոնտակտավոր են եղել, օրինակ Հրաչյա Հակոբյանը, ինչու նա ինքնամեկուսացած չէ, Մակունցն արձագանքեց. «Երբ վարչապետը հայտարարեց, որ թեստը դրական է արձանագրվել, դրանից հետո արդեն բոլոր անհրաժեշտ գործողությունները կձեռնարկվեն: Պետք է ինչ-որ բան արձանագրվի, որից հետո կոնտակտավորներն ինքնամեկուսանան կամ այլ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն»: