Ազգային ժողովը հետաձգեց 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկումը, իսկ պատգամավորներին ու խմբակցություններին առաջարկվեց բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
Նշենք, որ արտահերթ նիստ էր հրավիրվել, իսկ մինչ այդ ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ և Դաշնակցություն խմբակցությունները քննադատաբար էին արտահայտվել պետբյուջեի հաջորդ տարվա նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ այն անողնաշար, ոչ հիմնարար և անիմաստ նախագիծ է: Արտահերթ նիստն իր ելույթով եզրափակեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, որ երկրի զարգացմանը խանգարում է կոռուպցիայի բարձր մակարդակը, գործազրկությունը, աղքատությունն ու արտագաղթը: Վարչապետը նշեց, որ կառավարությունը պատրաստ է մասնագիտական քննարկումների հավիրել պատգամավորներին, ցանկացած հարցադրմանը տալ պատասխան: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԱԺ դահլիճում կառավարության հասցեին ամպագոռգոռ հայտարարություններ, անհիմն մեղադրանքներ, վիրավորական արտահայտություններ անելը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Նա նշեց, որ նման ռազմավարություն որդեգրող ընդդիմադիրները ձախողվում են, հաջողության են հասնում կառուցողական ընդդիմադիրները:Վարչապետի խոսքով շատ հեշտ է եղել վերջին 23 տարիներին քննադատել գործող կառավարությանը, որովհետև հիմքերը օբյեկտիվ են և առկա: Այսօր էլ քննադատությունների մեծամասնությունը, նրա խոսքով, ճիշտ են, որովհետև ընդդիմախոսները բացահայտում են առկա խնդիրները:
Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ նոր բյուջեի նախագծով կառավարությունը ներդնում է աշխատավարձերի նոր համակարգ և, վարչապետի համոզմամբ, ՀՀ քաղաքացին հույս է կապում իր երկրի հետ:














