ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 7-ի N 312-Ն որոշմամբ հաստատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը: Մասնավորապես պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական եւ բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի, տեղանքապատկերների, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը: Տվյալ դեպքում հուշարձանի հանրահռչակումը և օգտագործումը իրականացվում են ոչ միայն մշակութային, այլ նաև՝ բաց և փակ միջոցառումների միջոցով:
Պարզվում է՝ Հայաստանում գործող բոլոր պատմամշակութային հուշարձանները այս կանոնադրությամբ կարող են վարձակալվել և զբոսաշրջիկների ու տեղացիների համար փակվել, տվյալ անձանց կողմից անցկացվող միջոցառման պատճառով: Եվ վճարելով ընդամենը 2000 դոլարին համարժեք դրամ՝ կարող եք ցանկացած փարթի անցկացնել, ցանկացած խրախճանք կազմակերպել և հանգիստ խղճով ապականել մեր բազմադարյա մշակույթն ու հոգևոր արժեքները:
Հայաստանում տարիներ շարունակ ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ արժեք ունի, թերևս Զվարթնոցով ամեն ինչ ապացուցվեց: Այլ երկրներում նույնիսկ եթե այդ կոթողը իրենց նախնիները չեն ստեղծել, բայց այն որոշակի պատմական արժեք ունի, երբեք չեն հանի աճուրդի, չեն վարձակալի կամ նույնիսկ թույլ տա, որ պղծեն տարածքը: (Խոսքը, իհարկե, թուրքերի ու ադրեջանցիների մասին չէ): Հայաստանում պղծելը դարձել է արժանապատիվ գործ: Իհարկե, վարձակալողներին մեղադրել պետք չէ, մարդիկ եկել են Հայաստան, տեսել են Զվարթնոցի հնավայրը, հավանել են ու որոշել այս անգամ հնագույն հոգևոր կենտրոնում ցոփ ու շվայտ միջոցառում անցկացնել, այս անգամ բազմադարյա քարերի ու գմբեթների վրա պարել և ցուցադրել մարմինը: Դե, ՊՈԱԿ-ն էլ տնօրեն Վլադիմիր Պողոսյանի գլխավորությամբ, կոպեկներով նույնիսկ սեփական անձը կվաճառի, բայց իհարկե, թույլ չի տա, որ «զբոսաշրջիկները» նեղվեն և վարձով կտա Զվարթնոցը, Գառնին, Գեղարդը, Էրեբունի ամրոցը, Թեյշեբայինի քաղաքը, մի խոսքով, մարդու ճաշակից կախված, նայած ով, որ դարաշրջանի մեջ է իր զվարճանքի գագաթնակետին հասնում: Անամոթության վերջին աստիճանն է, երբ մշակույթի մարդիկ բռնաբարում են սեփական երկրի մշակույթն ու հոգևոր արժեքենրը: «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյան կոչվող անձին արդեն վաղուց պետք է դուրս շպրտած լինեին այս համակարգից: Այս սառնարյուն ու անհոգի մարդն իր իրական դեմքը ամիսներ առաջ ևս ցույց տվեց, երբ տգիտորեն հայտարարեց, որ Գառնիի տարածքում սրճարան կառուցելը նորմալ է և շատ գումարներ կբերի: Այս մարդը ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ ոչնչացնում է մեր դարավոր պատմությունը: Այստեղ հարցը միայն Զվարթնոցում փարթի կազմակերպելը չէ, Հասմիկ Պողոսյանը թույլ է տալիս, որ մեր հնավայրերը ոչնչացվեն, թույլ է տալիս, որ հայ ազգի պատմությունը վերափոխեն, այսինքն օտարածին հնագետները, ժամանելով Հայաստան, մտնում են մեր հնավայր և իրենց գտածոներով փորձում փոխել մեր պատմությունը, հային դարձնում եկվոր, մարդակեր ու ստրուկ: Բայց այս քայլերը Հ. Պողոսյանի օրոք չէ, որ իրականացվում է: 19-րդ դարից սկսվել է մեր պատմության ու հոգևոր արժեքների աղավաղումը: Այսօրվա չինովնիկներն էլ անմասն չեն մնում և շարունակում են իրենց արժանի եղբայրների գործը:
Յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի որոշակի արժեհամակարգ, որի մեջ ինչ-ինչ բաներ չեն վաճառվում կամ վաճառքի ենթակա չէ, ասենք դրա մեջ են մտնում հոգևոր և պատմական արժեքները, մշակութային կոթողները, հենց նույն մարդը: Հայաստանում չկա այլևս նման բան, այսօր այս երկրում վաճառքի ենթակա է ամեն ինչ: Չենք զարմանա, որ եթե երկու օր առաջ Զվարթնոցը վարձով տվել են, օրեր հետո լսենք, որ այն հանել են աճուրդի և հարկադիրը կոպեկներով որոշել է այն տալ մասնավորին, իբր թե մասնավորը լավ կպահի ու լավ ծրագրերով ավելի շատ զբոսաշրջիկներ կբերի, իհարկե, ոչ թե մեր պատմությանը ծանոթանալու, պատմական կոթողի իրական նշանակությունը հասկանալու, այլ վարձակալելու:
Պատմությունը վաճառող իշխանություն ունենք: Կարծում եմ ավելորդ է նույնիսկ նշել, թե ուր ենք հասել: Ամեն ինչ այնքան բաց է ու պարզ: Հայաստանը ոչնչացնում են հենց ներսից:














