Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքի համաձայն: Եվրոպական խորհրդի կայքի համաձայն՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Տուսկը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին:
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը չունի ռազմական լուծում և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»- հայտարարել է Տուսկը: