Թուրքիայում անհայտ անձինք հերթական անգամ նացիստական գրություններ են թողել ալևիների տների պատերին: Գազի թաղամասում բազմաբնակարան մի շենքի՝ ալևիներին պատկանող 3 բնակարանների պատերին անհայտ անձիք թողել են «X» նշանն ու «սատկելու ես» գրությունը:
Գրությունը հայտնաբերած նշյալ 3 բնակարանների ալևի բնակիչները դիմել են ոստիկանություն: Վերջիններս եկել ու մատնահետքեր են վերցրել դեպքի վայրից: Այդ գրությունների լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին նման գրություններ էին արվել Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում: Անհայտ անձինք ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն էին արել ու թողել «հեռացիր ալևի» գրությունը:
Դեպքի կապակցությամբ Իզմիրի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել: Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզը պնդել էր, որ ռասիզմ պարունակող այդ գրությունը ամենևին էլ կրոնական հողի վրա չի կատարվել:














