Ծագումով հրեա միլիարդատեր, «Բաց հասարակության ինստիտուտի» հիմնադիր, «գունավոր հեղափոխությունների» հովանավոր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում:
2008 թվականից Թուրքիայում գործող նշյալ կազմակերպությունը հայտարարել է, որ իր գործունեության ողջ ընթացքում գործել է Թուրքիայի օրենքներին համահունչ և բազմիցս ստուգումների է ենթարկվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության, Հիմնադրամների գլխավոր վարչություն կողմից։
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը կարող է դադարեցնել գործունեությունը, եթե գործունեություն ծավալելու համար չկան նպաստավոր պայմաններ և չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։
Ահա այդ նկատառումներից ելնելով՝ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը որոշել է հեռանալ Թուրքիայից՝ շեշտելով, որ թուրքական լրատվամիջոցներում հաճախակիանում են կազմակերպության մասին «անհիմն և սպեկուլյատիվ հրապարակումները»: Նման մթնոլորտն այլևս անհնար ու անիմաստ է դարձնում կազմակերպության հետագա գործունեությունը։
Նշենք, որ Թուրքիայում Սորոսի հիմնադրած կազմակերպությանը մեղադրում են երկրում խժդժություններ հրահրելու մեջ: