Հայաստանի դժոխային ապագան ապահովված է Ս. Սարգսյանի և իրեն նախորդողների շնորհիվ. «Հրաշալի քառյակը» չի փրկի…

8

Այսօրվա ներքաղաքական կյանքում ինտրիգներն այնքան շատ չեն, որքան որ փորձում են կողմերը ներկայացնել: Իշխանությունը  դիվիդենտներ է շահում կառավարության կազմը փոխելու, երկխոսելու ցանկության իմիտացիայից, ընդդիմությունն էլ իր հերթին փորձում է սեփական հաղթանակի արդյուք որակել ներքաղաքական գործընթացները: Երկու կողմն էլ քաջ գիտակցում է, որ վարչապետափոխության ժամանակն էր եկել, քանզի վերջին վարչապետի սխալներն այլևս անհաշվելի էին:

Այսօր՝ ապրիլի 9-ին, գրեթե քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներն իրենց տեսակետները հայտնեցին: Օրը կարևոր էր, քանզի լրանում էր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության 1 տարին, մեկ տարի առաջ այս նույն օրը Բաղրամյան 26-ի ճանապարհին բախումներ էին, և հենց այսօր է քննարկվում «հրաշալի քառյակի» որոշումը Սերժ Սարգսյանի առաջարկների ուղղությամբ: Հետաքրքիր էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որում Տեր-Պետրոսյանը ընդդիմությանն է վերագրում Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փորձում գլխի գցել, որ իբր այս փոփոխությունը ընդդիմության հաղթանակն էր: Տեր- Պետրոսյանն, ի միջի այլոց, «հրաշալի քառյակին» խորհուրդ է տալիս չտրվել Սերժ Սարգսյանի խարդավանքներին, այլ մինչև վերջ պայքարել, հանրահավաքներ կազմակերպել՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Այն, որ Տեր-Պետրոսյանը չափազանցնում է ընդդիմության և հատկապես ՀԱԿ-ի դերակատարությունը վարչապետի պաշտոնաթողության հարցում, ակնհայտ է: Ակնհայտ է նաև այն, որ Տեր-Պետրոսյանը, ընդդիմությանը քաջալերելով, փորձում է վերջինիս հետ պահել կառավարության կազմում բաժին ստանալուց: Սակայն ինչո՞ւ է առաջին նախագահը ընդդիմությանը կրկին մղում շուրջօրյա հանրահավաքների, երբ մարտի 1-ի վերքերը դեռ չեն սպիացել, և Տեր-Պետրոսյանը, եթե վստահեցնում է, որ այս անգամ երկուսին գումարած երկուս տաս ու քսան կդառնա, հապա մոռանում է, որ մեր իշխանության համար մեկ, երկու և քսան տարբերություն չունի, նրանք նույնիսկ միլիոնավոր ցուցարարների կցրեն ցանկացած մեթոդով, սա նորություն չէ, ամենահասարակ հանրահավաքին ոստիկանության բանակը ամբողջությամբ շրջափակում է տարածքը՝ սպասելով բախման, նույն կերպ՝ մարտի 1-ին:

Տեր-Պետրոսյանի սցենարը չափազանցեցված է, և ինքն էլ գիտի դրա մասին, այսօր չունենք նրա երազած ընդդիմությունը, ով մինչև վերջ կգնա և պատրաստ կլինի զոհաբերվել հանուն Սերժ Սարգսյանի հրաժարականի: Ապացույցն այն է, որ մինչ Տեր-Պետրոսյանը ծրագիր էր մշակում ընդդիմության համար, այդ «հրաշալի քառյակը» ժամեր շարունակ քննարկում է Սարգսյանի առաջարկը և նույնիսկ կարևոր էլ չէ, թե ով քանի կետանոց առաջարկ է ներկայացրել, կարևորն այն է, որ նրանք պատրաստ են մաս կազմելու, ինչը բացառում է հանրահավաքի գաղափարին: Մյուս կողմից Տեր-Պետրոսյանը մարտի մեկյան իր ելույթում հստակորեն նշեց, որ Սարգսյանի նախընտրած Մաքսային Միության ճանապարհն անշրջելի է՝ այս կերպ պաշտպանելով իշխանության ընտրած ուղին: Ի դեպ, նույն Մաքսային Միության ճանապարհին հայտնվելով, Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը՝ զրկվելով արտաքին աշխարհի հետ ունեցած ցանկացած կապից: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը ուզում է զութ իշխանափոխություն, որով կգրավվեն աթոռները, սակյան, ըստ իր խոսքերի վերլուծության, չի էլ մտածում որևէ փոփոխության մասին:

Այս նույն ֆոնի տակ բեմահարթակում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այն նույն Րաֆֆին, ով ամիսներ շարունակ ժողովրդին քարշ տվեց հրապարակ ու Բաղրամյան 26-ի ճանապարհին հենց այսօրը լքեց ու գնաց աղոթելու: Այսօր էլ Հովհաննիսյանը խոստանում է պայքարել, հայտարարում, որ չի պատրաստվում կառավարության մաս կազմել, ասում է, որ դեռ աղոթելու է, բայց ի՞նչ: Այլևս մարել է նրա փայլը, Հովհաննիսյանն ուշացել է: Եվ նույնիսկ այսօր բեմահարթակից հայտարարում է, որ չի ընդունելու Սարգսյանի և ոչ մի առաջարկ, մինչդեռ «հրաշալի եռյակը» սպասում էր չորրորդին քննարկումը շարունակելու համար:

Հաջորդ  «Բարգավաճը Հայաստանն»  է, որը վերջերս խիստ տարաձայնությունների մեջ էր նախկին կառավարության հետ, պատրաստվում էր մասնակցել շուրջօրյա հանրահավաքներին, բայց այսօր քննարկում է կոալիցիա կազմելու հարցը՝ 7 կետեր ներկայացնելով: Դաշնակցությունն անմասն չի մնում գործընթացից: Ներկայացրել է 7 կետեր, որոնց իրականացման դեպքում կառավարությանը մաս կկազմեն, սակայն ինչքանով են արդիական այդ կետերը և որքանով են դրանք հուզում Սարգսյանին, մեծ հարց է: 

Իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը: Նա պաշտոնաթող արեց Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությունը և պատրաստ է նոր կառավարության նշանակմանը: Սարգսյանը կընտրի այնպիսի վարչապետ, ով ընդունելի է ժողովրդի կողմից, եթե ընդդիմությունը համաձայնվի կոալիցիա կազմել, ինչը կարծում եմ անպայման կլինի, նրա համար ավելի կհեշտանա գործընթացը՝ թերևս ավելի ամրապնդելով դիրքերը: Ընդդիմադիրներից նախարարներ նշանակելը կօգնի ժողովրդի աչքը մտնելուն, ինչի կարիքն այսօր Սարգսյանը, թերևս, ամենաշատն ունի: Ինչ վերաբերվում է, թե ամիսներ անց Սարգսյանը ընդդիմությանը փաստի առաջ կկանգնեցնի, ապա Սարգսյանն ընդդիմությանն այսօր էլ կարողանում է իր ուզած ուղղությամբ ուղղորդել առանց որևիցե բարդության և հենց իր շնորհիվ է, որ հասարակության մեջ ընդդիմության նկատմամբ վստահությունը նվազել է: Տեր-Պետրոսյանը ճիշտ է նկատել, որ Ս. Սարգսյանը ինտրիգների  մասնագետ է և այս տասն օրվա ընթացքում կարողացավ այնպիսի աժիոտաժ մտցնել քաղաքական կուլիսներում, որ բոլորը մոռացել են մեկ շաբաթ առաջվա իրենց գաղափարը:

Ամեն դեպքում հայ ժողովուրդը դժվար թե ինչ-որ շահ ունենա այս կառավարական քննարկումներից, քանզի նախկին կառավարությունն այնքան պարտքեր է կուտակել, որ բոլորը հենց ժողովրդի կաշվից են հանելու՝ նույնիսկ նորեկները՝ լինեն դիմադիր, թե՝ ընդդիմադիր: Իսկ Հայաստանի համար ծանր ժամանակներ են սպասվում. դաշնակից ու եղբայրական Ռուսաստանն ամեն օր դավաճանում է՝ թշնամու ջրաղացին ջուր լցնելով, շրջափակումը շարունակվում է, Եվրոպան գլուխ է թեքել, իսկ ԱՄՆ-ից սպասելիքներ այլևս չկան՝ նույնիսկ դրամաշնորհների տեսքով: Սերժ Սարգսյանի կառավարման հաջորդ տարիները Հայաստանի համար դժոխային են լինելու նույնիսկ «հրաշալի քառյակի» բարի ջանքերի առկայության դեպքում: