Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին ջախջախելու գործընթացը Հայաստանում մի նոր քաղաքական օրակարգ է առաջ բերում:
Երեկ բոլորս ականատես եղանք, թե ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր «տրամաչափի գնդակներով» վիրավորեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու նրա քաղաքական կերպարը՝ փորձելով վերջինիս վերջնականապես փոշիացնել: Սարգսյանի ելույթի առաջին իսկ տողը դարձավ նոր ընդդիմության կերտման առաջին քայլը: ԲՀԿ-ն այլևս այլընտրանք չէ, այն լիիրավ մտնում է ընդդիմադիր դաշտ:
Բայց մինչ Ծառուկյանի հակընդդեմ քայլերին անդրադառնալը՝ չենք կարող չխոսել Սերժ Սարգսյանի շրջապատի մասին: Այնպես չէ, որ այդ դահլիճում հավաքվածներն այնքան մաքուր և անբիծ կերպար ունեին, որ Սարգսյանի այդ երկարաշունչ տեքստը միայն կարող էր դրսից մեկին՝ այս պարագայում Ծառուկյանի վերաբերվել: Ամենևին: Այդ դահլիճում նստածներից շատերի համար կարող էր գրվել նույնատիպ մի փոքր ավելի երկար կամ կարճ տեքստ և շատերին մեկուսացնել այնպես, ինչպես Սարգսյանը մեկուսացրեց Ծառուկյանին: Այդպիսի տեքստ կարող էր գրվել Հովիկ Աբրահամյանի, Սամվել Ալեքսանյանի, Գալուստ Սահակյանի, Մհեր Սեդրակյանի, Աշոտ Աղաբաբյանի, Առաքել Մովսիսյանի, Սերժ Սարգյանի մերձավորների, Սեյրան Սարոյանի, Մանվել Բադալյանի և շատ ուրիշների մասին: Ինչո՞վ են պակաս նրանք այս պարագայում Գագիկ Ծառուկյանից: Ոչնչով: Ե՛վ մականուն ունեն, և՛ բիզնես, և՛ հարկերից խուսափում են, և՛ պաշտոն ունեն, և՛ չարաշահում են պաշտոնը, և՛ միլիոնավոր դոլարներ ունեն, և՛ ապրում են ժողովրդին կեղեքած փողերով, ինչպես և Գագիկ Ծառուկյանը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը միայն այս տեքստով չպետք է եզրափակվի, ուրեմն պետք է շարունակի այս ոճը և ամեն շաբաթ մեկուսացնի իր ողջ թիմին՝ դրան գումարած ընդդիմադիր այլ ներկայացուցիչների: Եվ այս նույն պատրաստականությամբ իր ձեռքի տակ գտնվողներին բաց թողնի տվյալ մեկուսացված անձի վրա, որ իրենց մաղձը թափեն՝ ի ցույց ողջ աշխարհի: Հայ ժողովուրդն ականատես կլինի մի ողջ կենդանագերեզմանային հավաքածուի իսպառ ոչնչացման՝ ՀՀԿ-ի բարձր հովանու ներքո: Մի՞թե դա հնարավոր է… Այո՛, հնարավոր է, բայց, ինչպես իրենք են սիրում ասել, ամեն ինչ հերթով, ամեն մեկն իր ժամանակին…
Իսկ այս ելույթից որքա՞ն է տուժելու և որքա՞ն է շահելու Ծառուկյանը, մեծ հարց է: Արդեն միանշանակ է, որ Ծառուկյան բիզնեսմենի համար հարկային ծանր պատասխանտվություն է սպասվում: Նախկինում եղել են նման դեպքեր (Չմոռանանք ԼՏՊ-ի շրջանի օլիգարխիայի վիճակը): Ծառուկյանին կզրկեն նաև մանդատից, ինչը մի՞գուցե արվում է Ծառուկյանին քրեական պատասխանատվության առաջ կանգնեցնելու համար: Այսինքն՝ Սարգսյանը Ծառուկյանին, իր խոսքերով ասած, աճեցրեց, իսկ հիմա ոչնչացնում է: Բայց այս պարագայում ընդդիմադիրի կեցվածքը միշտ փրկում է գործիչներին: Եվ Ծառուկյանն իր ելույթում արդեն իսկ նշեց, որ սկսելու են հանրահավաքներ, երթեր, բողոքի ակցիաներ՝ պահանջելու Սարգսյանի հրաժարականը: Ժողովուրդը սիրում է հալածված գործիչներին: Այնպես որ, Ծառուկյանն անպայման կօգտվի ժողովրդին հարիր միամտությունից և ինչո՞ւ չէ մեծ հանրահավաքներ կանցկացնի:
Այստեղ առաջանում է մեկ այլ հարց, մի՞թե մենք ուզում ենք Ծառուկյանի իշխանափոխությունը, մի՞թե մեր ժողովուրդն ուզում է Ծառուկյանը դառնա իր նախագահը, ով Սերժ Սարգսյանին ոչնչով չի զիջում, քանզի երկուսին էլ ինչ-որ մեկն է աճեցրել: Թերևս այս հարցի պատասխանին երկար չենք սպասի, Ծառուկյանը թիմով պետք է հրապարակ դուրս գա՝ իրեն քաղհալածյալ ներկայացնելու համար:
Մյուս կողմից, մի՞թե Սարգսյանը չգիտեր, որ Ծառուկյանն այս պահը կօգտագործի քաղաքական դիրքերը ամրապնդելու համար, թե՞ Սարգսյանը ուզում է փորձել Ծառուկյանի խոսքերը, որ ինքը չի վախենում ինչ-որ բան կորցնելուց: Մի՞թե: Չվախեցողն այդքան գումար չի դիզում, «թագավորություն» չի սարքում, որտեղ նույնիսկ մկները չեն կարողանում աղմկել (Առինջցիները կապացուցեն): Այնպես որ, կտեսնենք նաև Ծառուկյանի խոսքերի արժեքը:
Իրականում Ծառուկյանի մասին ոչ մի նորություն չասաց Սարգսյանը, բոլորն էլ գիտեին այն, ինչ հրապարակվեց, նույնիսկ շատ բաներ բաց թողեց ՀՀԿ նախագահը, բայց մի՞թե Սարգսյանն այդքան վիրավորված էր Ծառուկյանի քայլերից և ինչո՞ւ հենց հիմա պահը հասունացավ, չէ՞ որ Ծառուկյանը նախկինում էլ էր ելույթներ ունենում: Իսկ մի՞թե այլևս մականունավոր օլիգարխներ չեն աճելու Հայաստանում իշխանության հովանավորությամբ: Հարցեր, հարցեր…
Սարգսյանը մտածելու շատ բան ունի և պետք է հասկանա, որ իր բռնած ուղին միայն մեկ անձով չի կարող սահմանափակվել՝ մյուսները՝ իր թիմակիցները՝ շարքի կանգնած սպասում են իրենց հերթին:
Այս ամենում միայն մեկ բան է պարզ: Ծառուկյան-Սարգսյան անձաոչնչացման պրոցեսում ձուլվելու է ժողովուրդը, ով հրապարակներ է լցնում: Ժողովուրդը կրկին կգնա նախկին ճանապարհով, քանզի երբեք չի նայում պատմությանը և սովոր չէ դասեր քաղել: Պարզապես հուսանք՝ սպասվող հանրահավաքները Սերժ Սարգսյանը չի ջախջախի այնպես, ինչպես դա արեց Ծառուկյանի հետ: