Սարգսյանն ու Ալիևն այսօր կհանդիպեն

11

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 4-ին, եռակողմ հանդիպում կունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքին:

Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 20:30-ին: 

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Հանրապետության Նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:

ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս hանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:

Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից և միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչև 126 հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին և հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակներում:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

Ի դեպ, երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը հույս էր հայտնել, որ Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն ՆԱՏՕ-ի Գագաթնաժողովի շրջանակներում, սակայն հայկական կողմը մինչ այս պահը չի ասում այս հանդիպման մասին: