Բռնության ցանկացած դրսեւորում` խոսքային կամ ֆիզիկական, անհասկանալի, անընդունելի է եւ դատապարտելի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` ներողություն խնդրելով քաղաքացիներից կատարվածի համար:
«Սա լուրջ խնդիր է, եւ երբ որ շատ-շատերը ասում են` տարբեր խորհրդարաններում էլ լինում են նման միջադեպեր, մենք հենց առանձնահատուկ պետք է լինենք, որ բացառենք նման միջադեպերը մեր խորհրդարանում բացառենք»,- ասաց նա:
Հարցին, թե չի կարծո՞ւմ, որ Սասուն Միքայելյանը պետք է առնվազն ներողություն խնդրեր, պատգամավորն ասաց, որ կարծում է` Սասուն Միքայելյանը ինքը պետք է դա անի, այլ ոչ թե որեւէ մեկը նրան հորդորի, որ պատգամավորը ներողություն խնդրի:
«Նա ինքը պետք է գիտակցի իր արածի եւ չարածի մասին, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստանը»՝ իր արածի ու չարածի մասին: Էստեղ խնդիրը մեկ անձը չէ, որ մենք կենտրոնանում ենք պարոն Միքայելյանի վրա, սա երկարատեւ գործընթացի, քայլերի վերջնական հանգուցալուծումն էր, որը շատ տհաճ հանգուցալուծում էր,- ասել է Հովսեփյանը՝ ընդգծելով,- Այստեղ բոլորը պետք է ներողություն խնդրեն, այդ թվում նաեւ ես, եթե անգամ մասնակի կամ ոչ մասնակի ներդրում եմ ունեցել, զուտ նրա համար, որ ես ինքս էլ ունեմ պատասխանատվություն, այդ ամեն ինչը հանրությանը մատուցման գործում»:











