Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ:
Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք էր կիրառել, ինչի հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Մահացած Վաղինակ Գրիգորյանն ու վիրավորներից մեկը եղբայրներ էին:
Ստեփանակերտի հիվանդանոցից հայտնում են. «2004-ին ծնված Վարդան Ադրեասյանի մոտ ախտորոշվել է ազդրի բազմաբեկոր կոտրվածք, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ, կատարվել է վիրահատություն, ամեն ինչ նորմալ է: Գևորգ Գրիգորյանն ունի ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների վնասվածք: Կատարվել է վիրաբուժական մշակում»:
12:11
Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է:
15:18
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում գտնվում է թշնամու կողմից վրավորված 4 անձ: Հիվանդանոցից տեղեկացրել են, որ վիրավորվածների թվում է նաև Մատաղիսի գյուղապետը: Իրականացվում են վիրավորների վիրահատությունները, Մատաղիսի գյուղապետը մեջքի շրջանում է վիրավորվել:
Հիվանդանոցի տնօրեն Կարեն Բազյանը լրագրողներին ասել է, որ չորս վիրավորները միջին տարիքի են, նրանց վիճակը ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանք մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածներ են ստացել:
16:10
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են:
«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,–հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:













