«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի ֆեյսբուքյան գրառում-շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ բուռն քննարկումների ու քննադատության տեղիք է տվել: Գորգիսյանը «Մալենա» ֆիլմից կիսամերկ հերոսուհու նկարներն է հրապարակել ու գրել. «Շնորհավոր տոնդ, մեր բազմաչարչար Սահմանադրություն»՝ տեղադրելով նաեւ կինեմատոգրաֆիայի գլուխգործոց համարող ֆիլմի հղումը:
Ֆեյսբուքյան օգտատերերը Գորգիսյանին այս համեմատությունը չեն ներել, ուստի արձագանքները կոշտ են՝ ամոթանքներով ու վիրավորանքներով լի. «Սա մեղմ ասած ԱԺ պատգամավորին հարիր պահվածք չէ, սա չգիտեմ ինչ է», «Համեմատում ես Սահմանադրությունը մարմնավաճառի հետ, տարածում ես թրիգերային նկարներ կանանց հանդեպ ֆիզիկական բռնության տեսարաններով, Տոռնատորեի ֆիլմն անվանում ես գլուխգործոց, ինձ թվում է՝ մինիմում մի 10 տարի էսքանի համար պետք ա նստես», «Զարմանալի և չափազանց տհաճ է, երբ «քաղաքակիրթ» քաղաքական գործիչը կարող է նման սարսափելի և կնոջը նսեմացնող տեսարանով արտահայտել իր մտքերը հանրային հարթակում, երբ ինքն է իբրև կոչված մարդկանց՝ կանանց իրավունքները պաշտպանելու գործին։ Թեկուզև փորձելով փոխաբերական իմաստով արտահայտել միտքը։ Դուք ավելի հավասարակշռված մարդու տպավորություն էիք թողնում… »:











