Մոսկվայում հինգշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունելու է Թուրքիայի քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին: Տեղեկացնում է Ամերիկայի Ձայնը:
Այցը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ այն տեղի է ունենում Մոսկվայի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների սրման պայմաններում և կարելի է ենթադրել, որ Մոսկվան կարող է այս պայմաններում շահագործել Թուրքիայի քուրդ փոքրամասնությանը, որն առանց այն էլ խնդիրներ ունի երկրի իշխանությունների հետ։
Ինչպես Թուրքիայի քաղաքական վերլուծաբաններից շատերն են ասում, Դեմիրթաշի այցը կարող է առաջ բերել այն մտավախությունը, որ Թուրքիայում օրինական ճանաչված այս կուսակցությանը սատարելուց բացի, Ռուսաստանը կարող է նաև իր աջակցությունը հայտնել արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբներին։
Վաշինգտոնը Սիրիայի Ժողովրդավարական միություն կուսակցության զինյալ խմբերին աջակցում է օդային գրոհներով ընդդեմ ԻՊ-ի: Վերլուծաբանների խոսքով՝ Մոսկվան կարող է պաշտպանել այս կուսակցությանը` ԻՊ-ից գրավելու Սիրիայի սահմանային այն հատվածները, որոնք Աֆրինի գրեթե ինքնավար շրջանը բաժանում են Սիրիայի Քրդստանից: Անկարան նախազգուշացրել է, թե կմիջամտի, քանի որ այդ դեպքում Սիրիայի հետ սահմանի հիմնական մասը կանցնի քրդերի վերահսկողության ներքո`կտրելով Սիրիայի ապստամբ ուժերին Թուրքիայի կողմից մատակարարումներով ապահովող վերջին ուղին:














