Ռուսաստանը շարունակում է մեր տարածաշրջանում գործընկերության ամրապնդման քայլերը: Հերթը հասել է Թուրքիային: Ռիա Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վերացնել գյուղմթերքի առևտրի սահմանափակումները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Ուլյուկաևը նշել է, որ Ռուսաստանը Բելառուսի ու Ղազախստանի հետ Մաքսային միության անդամ է, իսկ Թուրքիան՝ Եվրոպական ընկերակցության մաքսային միության անդամ, բայց ըստ նրա, այդ երկու համաձայնագրերն էլ հնարավորություն են տալիս երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը: «Խոսքը կարող է գնալ ինչպես ազատ առևտրի գոտու մասին համապարփակ համաձայնագրի, այնպես էլ դրա առանձին ճյուղերի մասին: Թուրքիայի համար սեփական գյուղատնտեսությունը դուրս է բերվել ԵՄ-ի հետ պարտադիր համաձայնեցնելու ռեժիմից, և նրանք իրավասու են գյուղատնտեսության ոլորտում ինքնուրույն համաձայնագիր ստորագրել յուրաքանչյուր երկրի հետ: Առավել հավանական է սեկտորային համաձայնագիրը, քանի որ դա ավելի քիչ խնդիրներ է ստեղծում»:














