Բելառուսական արտադրանքի մատակարարումների սահմանափակումը Ռուսաստան քաղաքականության հետևանք է, վստահ է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Интерфакс-ը։
«Որքան շատ լինի արտադրանքը, այնքան ցածր կլինեն գները։ Ինչու՞ արգելել։ Բացարձակ քաղաքականություն, ընդ որում՝ հիմար և անուղեղ քաղաքականություն»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի համար անթույլատրելի է համարում պատժամիջոցներին միանալը և ռուսական «մթերային էմբարգոն»։
«Եթե մենք պատժամիջոցներ սահմանենք, ինչպես Ռուսաստանը, ընդհանրապես մերկ կմնանք։ Եվ բացի այդ, մեզ ոչ ոք չի խնդրել միանալ պատժամիջոցներին, իսկ որևէ բան կորցնելու դեպքում՝ օգնել մեզ»,- ասել է նախագահը։
Լուկաշենկոն հայտնել է, որ մտադիր է սահմանափակումների վերաբերյալ «ուղիղ հարց» հղել իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքով՝ իր և Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև կկայանա լուրջ երկխոսություն՝ շեշտելով, որ իրենք չպետք է կործանեն այն միությունը, որին այդքան տարիներ են հատկացրել։














