Ռուսաստանի հերթական շանտաժը Հայաստանին

10

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Հուլիսի 14-ին, Պետդուման օրենք  ընդունեց, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

Քանի որ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի ուժը պատել է միայն Հայաստանի վրա, վերջինս առաջարկել է ՀՀ իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները:

Իհարկե, առաջին հայացքից զավեշտալի է, որ վարորդական իրավունքի համար Հայաստանը պետք է ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տա, սակայն իրականում ոչ մի զավեշտ էլ չկա: Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը, հայոց լեզվի տեղն ու դերը, և ընդհանրապես հայոց պետականությունը: Բնականաբար, ռուս չինովնիկն այս հայտարարություններն անում է հայկական կողմի թողտվության արդյունքում, հաշվի առնելով, որ ռուսաց լեզվի կարգավիճակի հարցն արդեն որերորդ անգամ է բարձրաձայնվում ռուս պաշտոնյաների կողմից: Թերևս այս անգամ հայկական կողմը՝ ի դեմս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի արձագնքեց՝ շեշտելով, որ «ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է»։

Սակայն այս քաղաքական շանտաժին նման պրիմիտիվ պատասխան տալուց հետո իհարկե, կհաջորդեն ավելի կոպիտ պահանջմունքներ, ավելի շատ կոտնահարվեն հայերի իրավունքները ՌԴ-ում: Հետաքրքիր է, որ ռուսական կողմի կոպիտ և արհամարհական վերաբերմունքը հերթական անգամ ընդգծում է«եղբոր, ռազմավարական գործընկերոջ» տրամադրվածությունը հայերի հանդեպ, որը երբեք համարժեք պատասխան չի ստանում: Այսպես մինչև ո՞ւր ենք գնալու: Ցավոք, ներկա իշխանությունից և ընդդիմությունից որևէ արձագանք կամ համարժեք պատասխան սպասելը միամտություն կլինի, բայց որքա՞ն կարելի է հանդուրժել: