ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգին վերաբերող օրենքն ընդունված է. Հայաստանցիների շանսերը

13

Ռուսաստանի Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով ռուսալեզու հայրենակիցների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվում:

Օրինագծի համաձայն՝ պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն կարող են ստանալ այն ռուսալեզու անձինք, ում հարազատներն ու նախնիները բնակվել են Ռուսաստանի, Ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ տարածքներում՝ «Ռուսաստանի Դաշնության ներկայիս պետական սահմանների շրջանակում»: Քաղաքացիություն ստանալու համար պայման է վերաբնակեցումը և մշտական բնակություն հաստատելը Ռուսաստանում, ինչպես նաև այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելը:

Հավելենք, որ այս ծրագիրը Հայաստանում մեծ աժիոտաժ է առաջացրել և շատերը մեծ հույսեր են կապում այս նոր օրինագծի հետ: Հայաստանցիները օգտվում են նաև ռուսական մեկ այլ ծրագրից:

Մարտի վերջին ամփոփվեցին հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի արդյունքները: Անցյալ տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել 36,8 հազար մարդ: 2012-ին այդ թիվը գրեթե երկու անգամ ավելի էր՝ 63 հազար: Ըստ ռեգիոնների նախարարության, ամենից շատ ձգտում են Ռուսաստան տեղափոխվել Ուզբեկստանի, Ղազախստանի ու Մոլդովայի քաղաքացիները: Հայաստանից և Ուկրաինայից ցանկանում է տեղափոխվել հայտ ներկայացնողների միայն 8 տոկոսը: Հիշեցնենք, որ ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2006-ից: Այդ ժամանակից սկսած՝ հազարավոր քաղաքացիներ են ծրագրի շրջանակներում մեկնել Ռուսաստան և շարունակում են մեկնել: Մինչ օրս Հայաստանից այս ծրագրով Ռուսաստան մեկնելու դիմում է ներկայացրել 26 հազար մարդ, նրանցից ավելի քան 15 հազարն արդեն մեկնել են: 

Ընդհանուր առմամբ, ծրագրի մեկնարկից ի վեր 2006 թվականից Ռուսաստան է ներգաղթել 162 հազար մարդ, թեև սկզբում նախատեսվում էր մոտ 300 հազար մարդու ընդունել առաջին երեք տարում: Միևնույն ժամանակ, ինչպես անցյալ տարվա ավարտին հայտարարեց Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, Ռուսաստանը մինչև 2025 թվականը տարեկան մոտ 300 հազար ներգաղթյալի կարիք ունի: