ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում՝ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ աջակցությամբ ՀՀ-ում բացված բիոլաբորատորիաներին:
Մասնավորապես, անդրադառնալով հետկորոնավիրուսային աշխարհում ԱՄՆ-ի առաջնահերթություններին, Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացնում է՝ տարածաշրջանի երկրների նկատմամբ դրանք իրենց հիմքում անփոփոխ են մնալու.
«Մենք ցանկանում ենք, որ այդ երկրները հաջողության հասնեն, կառուցեն բարգավաճող, ժողովրդավար, պատասխանատու պետություններ, ապահովեն իրենց անվտանգությունը, հակազդեն դրսից եկող որևէ ագրեսիայի կամ ազդեցության»:
Կորոնավիրուսի վարակի տարածման շրջանում մտահոգող խնդիրներից մեկն է Ռուսաստանից և Չինաստանից կառավարվող ապատեղեկատվության ալիքը, նշում է Ջորջ Քենթը: Մասնավորապես, ապատեղեկատվության լուրջ տարափ է տարածվում Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում բացված բիոլաբորատորիաների մասին: Այդ բիոլաբորատորիաների նպատակն է օգնել երկրներին հակազդել բիոլոգիական վտանգներին, և դրանք հենց հիմա ծառայում են այդ երկրներին. «Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում այդ լաբորատորիաների միջոցով է կատարվում թեստավորումը և պայքարը կորոնավիրուսի դեմ հենց հիմա»:
Մինչդեռ ապատեղեկատվություն իրականացնող ուժերը փորձում են կեղծ տեղեկություն տարածել, թե այդ լաբորատորիաները ստեղծում են վարակներ, այլ ոչ թե պայքարում դրանց դեմ:
«Ռուսաստանը այդ հին սուտը կրկին ու կրկին տարածում է, խոսելով Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի լաբորատորիաների մասին: Մենք տեսնում ենք, ինչպես են այդ սուտը տարածում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերը, լրատվամիջոցները: Վերջերս նկատելի է նաև, որ այդ ռուսական ապատեղեկատվությունը լաբորատորիաների վերաբերյալ սկսել է տարածել նաև Չինաստանը: Մինչդեռ, կրկնեմ, հենց այդ լաբորատորիաներում է կատարվում կորոնավիրուսի թեստավորումը, հենց այդ լաբորատորիաներն են օգնում երկրներին պայքարել COVID վարակի տարածման դեմ»,- նշել է նա:











