ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով աշխատանքային այցով Բաքվում էր գտնվում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ «դրական քննարկումներ են ունեցել տարածաշրջանային և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ»:
Բոլթոնը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ դեր է կատարում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: Մասնավորապես Բաքվում պաշտոնատար անձանց հետ անցկացրած հանդիպումների ընթացքում քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
«Ես այստեղ եմ եկել, որպեսզի առավել հանգամանորեն ծանոթանամ խնդրին: ԱՄՆ-ն հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի:
ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանդես է գալիս այս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, քանի որ խաղաղությունը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար», – ասել է Բոլթոնը Բաքվում կայացած ասուլիսում:
Այսօր Բոլթոնը Բաքվում հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել ԼՂ հարցը: Մամեդյարովն ամերիկացի պաշտոնյային տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի մասին և հայտարարել, որ ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է: