Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու փաստով

10

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակման և ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո և հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում:

Նշենք, որ պետական մեղադրող Վլադիմիր Անդրուսենկոն պահանջել էր 10 տարվա ազատազրկում: Վերջին խոսքի իրավունքով Պերմյակովը նշեց, որ ընդունում է մեղքը և պատրաստ է կրել ցանկացած պատիժ: Դատարանը Պերմյակովին տվեց 10 օր ժամանակ առավել բարձր ատյանի դատարանում կայացված վճիռը բողոքարկելու համար: Պերմյակովը պատիժը կկրի փակ ռեժիմի գաղութում:

Հիշեցնենք, որ Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի և 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: