Պարո՛ն Հեֆերն, Հայաստանը Ադրբեջանին ոչ մի թիզ հող չի՛ տալու

20

« Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները  դիտարկում են  որպես մեկ ամբողջություն: Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ  առաջնորդվեն, ապա կարգավորում չի լինի:  Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը. Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ  կպահանջվի, հակամարտությունն էլ  շատ երկար կտևի»: 

Այս հայտարարությունն արել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Իրականում Հայաստանի ինչի՞ն է պետք շտապել Արցախի հարցով, հատկապես տարածքների վերադարձի գնով, և ինչո՞ւ պետք է մենք վերադարձնենք մեր ազատագրված հողերը, և Հեֆերնն ինչո՞ւ է վերապահել տարածքների բաժանարարի դերը, մեծ հարց է, որը պետք է նրան ուղղեին ոչ թե լրատվամիջոցները, ովքեր այդպես էլ չհնչեցրին այս հարցերը, այլ ՀՀ իշխանությունն ու իրեն ընդդիմություն կոչող մարդկային զանգվածը: Որևէ կողմից հարց չեղավ, իսկ Հեֆերնը ժպտալով ասաց, այն, ինչ իրեն հրամայել էին և գնաց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Սերժ Սարգսյանը, սակայն, Հեֆերնին մեղանչեց, որ Որոտանի հարցերը շուտ լուծեն, քանի ռուսները չեն փոշմանել, ինչն արդեն այլ պատմություն է:

Այժմ խոսենք, թե ինչ բարոյական իրավունք ունի Հեֆերնը հայ ազգից նման բաներ պահանջելու:

Հեֆերնի շուրթերից հնչած 7 շրջանները՝ Քաշաթաղ(Լաչին),Քարվաճառ(Քելբաջար), Ակն(Աղդամ), Վարանդա(Ֆիզուլի), Կովսական(Զանգելան), Ջրական(Ջաբրաիլ),Սանասայր(Կուբաթլի), որոնք հայ մարտիկն ազատագրել է ադրբեջանցիներից, այսօր բնակեցված են մեր հայրենակիցներով և վերաբնակեցումը շարունակվում է: Հայ մարդու ուղեղի համար անհասկանալի այս հայտարարությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի շուրթերից գրեթե անքննելի է: Ինչպե՞ս է պրն դեսպանը պատկերացնում հայկական հողերի վերադարձը ադրբեջանցիներին, մի՞թե կրկին ուզում է, որ այդ հողերը հայաթափվեն, թե՞ մտադիր է մեկ ուրիշ Սումգայիթ կազմակերպել, ինչն անխուսափելի է հայերով այդ շրջանների վերադարձման պարագայում: Հուսանք, Հեֆերնն այս հարցին էլ ժպտալով կպատասխանի:

Ցավոք, արդեն չենք էլ զարմանում, որ բարձր մակարդակի պաշտոնյաներ, ոչ միայն ԱՄՆ-ից, խոսում են Ադրբեջանի տեսանկյունից և ներկայացնում նրանց երազանքները: Երբ ԱՄՆ-ի դեսպանը խոսում է այդ 7 շրջանների մասին, որոնք մտածված որակում է որպես ադրբեջանական տարածք, խիստ սխալվում է: Հեֆերնը մինչ նման հայտարարություն անելը, պետք է մի լավ ուսումնասիրեր պատմությունը, տեսներ, թե երբ է ձևավորվել Ադրբեջան կոչվող այդ պետությունը և ինչ գնով, ապա մի՞գուցե չբարձրաձայներ իր հակահայկական և հակագիտական մտքերն ի լուր աշխարհի: Հեֆերնը պետք է հասկանար, որ ոչ թե մենք պետք է Ադրբեջանին ինչ-որ թիզ հող վերադարձնենք, այլ այդ թրքախոս երկիրը մեզ պարտավոր է վերադարձնել Նախիջևանը, Դաշտային Ղարաբաղը, Փայտակարանը և այլն, փոխհատուցել մեր կրած վնասների և տասնամյակների ընթացքում այդ հողակտորներից օգտվելու և բնակվելու իրավունքից զրկելուհամար: Ինչո՞ւ է Հեֆերնին թվում, որ եթե ինքը դիվանագետ է, այն էլ ԱՄՆ-ից, կարող է որոշումներ կայացնել իրեն չվերաբերվող հարցերի վերաբերյալ: Ընդհանրապես, ԱՄՆ-ն «խաղարար» հրեշտակի դեր է ստանձնել աշխարհում, փորձում է բոլորի հարցերը լուծել, ամեն մեկին խելք սովորեցնելով՝ մոռանալով սեփական խելքի իսպառ բացակայության մասին: Երևի ամերիկացի դեսպանին հարկավոր է հիշեցնել, որ մինչ իր հայրենի ԱՄՆ-ն ամեն տարի հրեշտակի դեմքով հուլիսի 4-ին նշում է իր անկախության օրը, Ամերիկայի բնիկ հնդկացիները ողբում են իրեն 20 միլիոնը գերազանցող զոհերի հիշատակը: Այս միլիոնավոր մարդիկ մորթվել են հրեշտակի դեմքով այս անգլո-սաքսոնների կողմից, ովքեր մինչ օրս իրենց համարում են ԱՄՆ-ի տերը, աշխարհին խելք են սովորեցնում՝ շարունակելով ցեղասպանությունների շարքը:  Մինչ ԱՄՆ-ն մեզ ասում է, որ վերադարձնենք մեր հողերը, նախ պետք է ինքը ռուսներին հետ տա Ալյասկան, մեքսիկացիներին՝  Տեխասն ու Կալիֆորնիան, ԱՄՆ-ն պետք է իրաքցիներին փոխհատուցի անհարկի պատերազմ սկսելու և հեքիաթային այդ երկիրը հողին հավասարեցնելու համար, ԱՄՆ-ն պետք է լիբիացիներին վերադարձնի իրենց երբեմնի հզոր երկիրը, որի ղեկավարին սպանեց ու երկիրը ամիսներ շարունակ իր հովանավորությամբ տեռորի ենթարկեց հանուն նավթի: ԱՄՆ-ն պետք է վերականգնի Եգիպտոսը, որն արդեն 4 տարի է քաղաքացիական պատերազմի մեջ է նույն ԱՄՆ-ի զենքի և դրածո իշխանությունների շնորհիվ:  ԱՄՆ-ն պետք է Սիրիայի բնակչությանը վերադարձնի իրենց տներն ու ամեղ զոհերին, ովքեր ԱՄՆ-ի հրահրած ապստամբների զոհը դարձանողջ Սիրիան ավերակ է դարձել: Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրները ԱՄՆ-ի տեռորի տակ են շարունակում մնալ: ԱՄՆ-ն պետք է աշխարհից ներողություն խնդրի, որ Իսրայել պետություն ստեղծեց, որը համարեց իր նահանգներից մեկը: ԱՄՆ-ն պետք  է նաև խոսի իր մյուս մեղքերի մասին, թե ինչպես է կիրառել ատոմային ռումբ և հազարավոր մարդկանց ոչնչացրել: Եվ այսօր Հեֆերնն իրեն իրավունք է վերապահում խոսելու Արցախի ու Արցախից անբաժանելի մաս կազմող «7 շրջանների վերադարձի մասին», ինչն անհեթեթ է և անիրագործելի:

Մյուս կողմից Հեֆերնը կարող է իրեն թույլ տալ նման հայտարարություններ անել, քանզի ՀՀ իշխանությունները և ընդդիմությունը ոչ մի կերպ չեն ընդդիմանում պրն Հեֆերնի խոսքերին, չեն հակադարձում, պարզապես լռում են: Ցավոք, ընդունված է համարել լռությունը համաձայնության նշան, բայց պետք է Հեֆերնին և նույնատիպ մտքերով մնացյալ դիվանագետներին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախն իր 7 շրջանների հետ հանդերձ հայ ժողովրդի սեփականությունն է և ոչ Սերժ Սարգսյանինն ու նրա շրջապատինը, եթե վերջինները լռում են և միգուցե իրենց շահերի համար նույնիսկ համամիտ են հեֆերնյան մտքերի հետ, ապա հայ ժողովուրդը չի հանդուրժելու նման մտքեր և առավել ևս որ նման բան տեղի ունենա: Այնպես որ, սիրելի՛ դեսպան, հարկ չկա դիվանագիտական ճանապարհով հայի ականջին սովորական դարձնել «7 շրջանների վերադարձ» կոչվող անհիմն մտքերը, քանզի հայը գիտի, իրեն ինչ է պատկանում և ում, ինչ ունի տալու: Լավ կլինի Ադրբեջանին ասեք, որ վերադարձնի մեզանից գրաված հողերը և չոչնչացնի մեր պատմական ու հոգևոր արժեքները: Իսկ եթե խոսում ենք գրավյալ տարածքների վերադարձի մասին, ապա հիշեցնեմ, որ այս շարքում կարող եք դիմել նաև Թուրքիայի նախագահին, որ Հայաստանին վերադարձնի Արևմտյան Հայաստանը, որը շուրջ մեկ դար օկուպացված է Թուրքիայի կողմից:

Իսկ հայոց իշխաններին հարկավոր է հիշեցնել, որ ժամանակն է աշխատել հայ ազգի համար և ոչ թե լինել Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի գործակալ՝ գլխիկոր ենթարկվելով նրանց ձեռնտու հրահանգներին: