Հասարակությանն անմեղսունակ դարձնելու ընթացքը… իշխանության ահազանգը

16

Շանթ Հարությունյանին տեղափոխելու են հոգեբուժարան՝ պարզելու, թե նա «հեղափոխության» պահին մեղսունակ էր, թե անմեղսունակ: Շանթին Մարտի 1-ի գործով էլ էին տարել հոգեբուժարան, նրան ճանաչեցին անմեղսունակ և գործը կարճվեց: Արդյո՞ք նրան այս անգամ էլ անմեղսունակ կճանաչեն: Ի՞նչ է նշանակում այս քայլը: Եթե Շանթին իր գործողություններում ճանաչեն ոչ ադեկվատ, ապա նրան կտեղափոխեն հոգեբուժարան, իսկ ի՞նչ է լինելու մնացյալ երիտասարդենրի հետ, ովքեր շարունակում են մնալ կալանքի տակ և նրանց մասին ոչ մի տեղեկատվություն չի տրվում: Մի՞գուցե նրանց էլ դարձնեն անմեղսունակ, ինչը կլինի չափից դուրս զավեշտալի: Շանթին անմեղսունակ դարձնելու նպատակը ո՞րն է: Մի՞գուցե այս քայլով փորձում են հասարակությանը հասկացնել, որ մեր երկրում չի մնացել ադեկվատ մարդ, ով կզբաղվի հեղափոխությամբ, կամ էլ այնքան լավ է Հայաստանի սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակը, որ միայն անմեղսունակների մտքով է անցնում հեղափոխել, այս «դրախտային» երկիրը:

Իրականում Շանթի հեղափոխության փորձը անտրամաբանական կողմեր շատ ուներ, բայց իրականում բողոքի ձև էր, պայքարի յուրովի մոտեցում, որը դիտավորությամբ թույլ տրվեց, որ սկսվի ու վիժեցվեց անմեղսունակության երանգներով: Հայաստանյան իշխանավորները ոչ միայն Շանթին են ուզում ոչ ադեկվատ ճանաչել, այլ յուրաքանչյուր հայի, ով Շանթից ու մյուսներից անկախ փորձում է բարձրաձայնել իր երկրում առակա դժոխքը և կապ չունի, թե այդ հայը Հայաստանի ներսւմ է, թե դրսում: Պայքարող հային միշտ են իշխանավորները անմեղսունակ ու էքստերեմիստ դարձրել՝ հենց նույն հասարակության մեջ նրանց դարձնելով թշնամիներ: Ոստիկանության ու ԿԳԲ-ի զենքն է անմեղսունակության վարկածը, որով մեծ բարոյական վնաս են հասցնում հասարակությանը: Կարևոր էլ չէ, որ Շանթի պայքարն անհաջող էր, անկազմակերպ ու շատ եթե-նորով ու հարցականներով, կարևորը հասարակության առաջ երկրում տիրող վիճակի համար յուրաքանչյուր տեսակի պայքարն անադեկվատ դարձնելն է: Սա յուրահատուկ ահազանգ է հետագա պայքարողների ու հեղափոխության այլ ձևեր որոնողների համար, որ տեսեք, եթե պայքարեք, ապա հոգեբուժարանի տոմսը պատրաստ է: 

Իշխանության մեթոդներն օր օրի հնանում ու կրկնվում են, բայց զավեշտալի է. աշխատում են… Մի՞գուցե պայքարի ձևերն են հարկավոր փոխել: