Ում միտքն է եղել, որ նախարարները դիմակ բաժանեն

5
ՀՀ նախարարները և մարզպետները այսօր՝ հունիսի 23-ին, իրականացրին «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ակցիան՝ տարբեր քաղաքների փողոցներում բաժանելով դիմակներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, թե ում մտահղացումն էր իրականացված ակցիան։

«Ակցիան նախաձեռնել են կառավարության անդամները՝ հանրության շրջանում դիմակի ճիշտ կրման անհրաժեշտությունը ընդգծելու նպատակով, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու մեր այն քաղաքացիներին, որոնք հետևում են հակահամաճարակային կանոններին: Ակցիային մասնակցում են նաև կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, աշխատակիցները», – նշեց Գևորգյանը։

Նա հավելեց, որ կառավարության ներկայացուցիչներին և մարզպետներին վաղը կհետևեն նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։ Իսկ շաբաթվա այլ օրերին քաղաքացիներին դիմակներ կբաժանեն այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Այսօրվա ակցիային մասնակցում էին նախարարներ Արսեն Թորոսյանը, Զարուհի Բաթոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, մարզպետներ Հայկ Չոբանյանը, Անդրեյ Ղուկասյանը և այլք։