Ուկրաինայի ԱԳՆ-ն Հայաստանին նոտա է հղել առ այն, որ հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է վատթարանան՝ Հայաստանի դիրքորոշման պատճառով:
Ուկրաինական Unian.net լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիլ Լուբկիվսկին:
«Հայաստանի դեսպանը Ուկրաինայում արդեն երկու անգամ հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ: Մենք նրան մեր մտահոգությունն ենք հայտնել, համապատասխան առաջադրանք ստացել է նաև մեր դեսպանատունը Հայաստանում: Այսօր հայկական կողմին նոտա է հղվել, որում առկա է մեր պահանջը բացատրություն տալու հայկական կողմի պաշտոնական դիրոքորոշման վերաբերյալ: Մենք դիմել ենք Հայաստանին, որ նա պաշտոնապես և հրապարակավ հայտնի, որ չի ընդունում Ղրիմի բռնակցումը: Այնպիսի դիրքորոշումը, որը մեր կողմից կորակվի որպես ոչ բարեկամական, բացասական հետևանքներ կունենա մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Լուբկիվսկին:











