Ուկրաինայում հակահայ ալիք է բարձրացել

7

Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ազատություն» խմբակցության պատգամավոր Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել ետ կանչել Ղազախստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին։

24tv.ua կայքի հաղորդմամբ՝ Տյագնիբոկն այդ մասին հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

«Կան մի քանի երկրներ, որոնք սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Խոսքը, մասնավորապես, Ղազախստանի և Հայաստանի մասին է։ Այդ պատճառով էլ կոչ եմ անում անհապաղ ետ կանչել մեր դեսպաններին», – ասել է նա:

Սակայն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոման նշել է, որ այս պահի դրությամբ դեսպանությունը Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից Հայաստանից դեսպանին հետ կանչելու հրահանգ չի ստացել

Ուկրաինական ԶԼՄ-ները խիստ քննադատությամբ են հանդես եկել Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգին՝ մասնավորապես Սարգսյանի կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչումը: «Ուկրաինական Պրավդա» պարբերականը սակայն հակահայկական կոչերով է նաև հանդես եկել: Նշել է, որ Հայաստանն ապօրինաբար պահում է Արցախը, նույնիսկ չի էլ ճանաչում վերջինինս անկախությունը, իսկ Ադրբեջանը, ով նշել է, որ կողմ է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, այդ թվում և Ուկրաինայի,  ևս խնդիր ունի տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված՝ սրանով իսկ ջուր լցնելով Ադրբեջանի ջրաղացին:

Օրեր առաջ ևս ուկրաինական ԶԼՄ-ները հակահայ քարոզչությամբ են զբաղվել: Մասնավորապես ուկրաինական հեռուստաալիքներից մեկով երկու ադրբեջանցի  քաղաքագետներ անգամ Հայաստան պետության գոյությունն են կասկածի տակ առել: