Խաղաղության ուսումնասիրությունների Ստոքհոլմի միջազգային ինստիտուտը հետազոտություն է հրապարակել զենքի վաճառքով զբաղվող ընկերությունների 2014 թվականի ցուցանիշների վերաբերյալ: Մանրամասները շարադրված են կազմակերպության կայքում:
Հետազոտության համաձայն՝ զենք արտադրող 100 խոշոր ընկերությունները 2014 թվականին միասին 401 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք են վաճառել:
4-րդ տարին անընդմեջ 100 խոշոր ընկերությունների վաճառքի ընդհանուր ծավալները նվազում են: 2013 թվականի համեմատ 2014 թվականին անկումը կազմել է 1.5%: Նվազումը կապված է ամերիկյան ու արևմտաեվրոպական ընկերությունների վաճառքի ծավալների կրճատման հետ:
Հարյուրյակում շարունակում են գերիշխել ամերիկյան ընկերությունները: Նրանց է բաժին ընկնում վաճառքի 54.4%-ը: Աշխարհի խոշորագույն զենք վաճառող ընկերությունը շարունակում է մնալ ամերիկյան Lockheed Martin-ը, որի վաճառքի ծավալներն անցած տարի կազմել են 37.5 միլիարդ դոլար, ինչը մոտ 4%-ով շատ է նախանցած տարվա ցուցանիշից: 2-րդ տեղում ամերիկյան Boeing-ն է, որի վաճառքի ծավալները 1 տարում կազմել են 28.3 միլիարդ դոլար:
Տասնյակում ընդգրկված մյուս ընկերություններն են բրիտանական BAE Systems-ը (25.7 միլիարդ), ամերիկյան Raytheon-ը (21.4 միլիարդ), ամերիկյան Northrop Grumman-ը (19.7 միլիարդ), ամերիկյան General Dynamics-ը (18.6 միլիարդ), եվրոպական Airbus Group-ը (14.5 միլիարդ), ամերիկյան United Technologies-ը (13 միլիարդ), իտալական Finmeccanica-ն (10.5 միլիարդ):
Եվրոպական ընկերությունների վաճառքի ընդհանուր ծավալը նվազել է 7.4%-ով, սակայն մի շարք երկրների՝ Գերմանիայի, Շվեյցարիայի ռազմաարդյունաբերական ոլորտներն աճ են գրանցել համախատասխանաբար 9.4%-ով և 11.2%-ով:
Չնայած տնտեսական ճգաժամին՝ ռուսական ռազմաարդյունաբերական ոլորտի վաճառքի ծավալները 2014 թվականին աճել են: 100 խոշոր ընկերություններում ռուսական 11 ընկերություն է ներկայացված, որոնց մասնաբաժինն ընդհանուր վաճառքում կազմել է 10.2%: Զենք վաճառող խոշորագույն ռուսական ընկերությունը Almaz Antey-ն է, այն անցած տարի 8.8 միլիարդ դոլարի զենք է վաճառել՝ 800 միլիոն ավելի շատ, քան 2013 թվականին:














