Մայիսի 28-ին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։ 61-ամյա կինը վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը:
«Տաքություն է ունեցել, երեկ տարել են հիվանդանոց ու մահացել է այնտեղ»,- նշեց համայնքապետը։
Մահացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մահացել էր կորոնավիրուսից։ Նա նույնպես վարակվել էր թաղման արարողության ժամանակ։
Հուղարկավորությունը, այնուամենայնիվ, սակավամարդ է եղել, գյուղապետի խոսքով՝ մասնակիցների թիվը չի անցել մեկ տասնյակը։
Այս պահին մահացած կնոջ ընտանիքի անդամները հիվանդանոցում են, նրանց մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։














