Հայ-ադրբեջանական շփման գծում (Արցախի ուղղությամբ) ԵԱՀԿ-ի դիտորդներ տեղակայելու վայրի հարցում կոնսենսուս չկա: Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու համաձայնագրի վերահաստատման անհրաժեշտության շուրջ, սակայն, խախտումները շարունակվում են:
Լավրովը հավելել է, որ համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման վերաբերյալ: «Այդ թիվը մեծ չէ: Խմբի անդամների թիվը ավելացվել է 7 մարդով: Որքան տեղյակ եմ, խումբը 12 մարդուց է բաղկացած,- ասել է Լավրովը, ապա հավելել,- Մենք կարծում ենք, որ այդ համաձայնությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ-ի որոշումներով: Բայց դա անելու համար կոնսենսուս է անհրաժեշտ: Դիտորդների թվի ավելացման շուրջ կոնսենսուս կա, սակայն կոնսենսուս չկա այն հարցում, թե նրանք որտեղ են տեղակայվելու: Ես, ինչպես և շատ ուրիշներ, կարծում եմ, որ նրանք պետք է տեղակայվեն շփման գծի երկայնքով մեկ»: