Հունվար-փետրվար ամիսներին ունեցել ենք կանչերի բավականին բարձր թիվ, որը հասել է 900-950-ի: Այսօր շտապօգնության կանչերն օրական 600-650-ի մեջ է տատանվում: Այս մասին հայտարարեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Այնպես որ, կանչերի բարձր տենդենց այս օրերին չենք ունեցել»,- շեշտեց նա:
Հարցին՝ շտապօգնության անձնակազմի շրջանում կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ կամ մեկուսացվածներ, Ստեփանյանը նշեց, որ այսօր ունեն 12 դեպք, որոնք մեկուսացաված են համապատասխան բուժհաստատություններում:
Կանչերի մեջ ի՞նչ թիվ են կազմում կորոնավիրուսով հիվանդները, պատասխանեց, որ մարտ-ապրիլին և մինչև մայիսի 6-ը, հիվանդները 2333-ն են եղել. «Մենք, ի սկզբանե, այդ դիագնոզը չենք դնում, և չենք տարանջատում հիվանդներին, տեղափոխում ենք, նոր ենք իմանում ինչ հիվանդ են»:
Հարցին՝ եղե՞լ են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել այս իրավիճակում, Շտապօգնության պատասխանատուն նշեց, որ եղել են նման դեպքեր և իրենք ըմբռնումով են մոտեցել բոլոր այն բուժաշխատողներին, որոնք չեն ցանկացել աշխատել, սակայն եղել են նաև մասնագետներ, ովքեր կամովի ցանկացել են աշխատել այս ոլորտում:














