Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի պահանջն առ այն, որ Բունդեսթագի պատգամավորները կկարողանան մուտք գործել Թուրքիայի տարածք` այցելել «Ինջիրլիք» ռազմակայան, եթե ԳԴՀ կառավարությունը մերժի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը:
«Ես որևէ կապ չեմ տեսնում և բազմիցս եմ ասել այդ մասին իմ թուրք գործընկերներին»,-պարզաբանել է Շտայնմայերը, հայտնում է Deutsche Welle-ն:
Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ:
«Երբ Բունդեսթագը քննարկի Թուրքիայում գերմանացի զինծառայողների տեղակայման հարցը, համապատասխան կոմիտեների պատգամավորները պետք է հնարավորություն ունենան այցելելու ռազմակայան»,-ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը ARD հեռուստաընկերության եթերում:











