Շնորհավո՛ր, Անկախ Հայաստան

63

27 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, հայ ազգը պատմական որոշում կայացրեց՝ բռնելով անկախության ուղին: Մենք հազարամյակների պատմություն ունենք: Բազմաթիվ են եղել այս պատմական ճանապարհին անկումներն ու թռիչքները, հաղթանակներն ու պարտությունները, բայց մեկ բան պարզ է. հայի ոգին չի կոտրվում և միշտ պատրաստ է կրկին ոտքի կանգնելու: Հաջորդ քայլը պետք է լինի Արցախը Հայաստանի մաս ճանաչելու գործընթացը, որպեսզի այս անկախության տոները լինել լիարժեք:

Շնորհավոր հայ ազգի վերստին անկախանալու տոնը:

Նշենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:

Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անց էր կացվել արդար ու թափանցիկ, վկայում էին 25 երկրներից գրանցված 117 դիտորդները: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր: