7-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո խորհրդարանը վարչապետ չի ընտրելու: Սահմանադրության 149-րդ հոդվածը նախատեսում է, որ խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետ մեծամասնության առաջարկած թեկնածուին ՀՀ նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնում:
Սահմաադրության նույն հոդվածով սահմանվում է, որ Վարչապետի ընտրություն ԱԺ-ում տեղի է ունենում վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում:
Սահմանադրության 150-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:
Իսկ արդեն կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, նոր խորհրդարանը կազմված կլինի երեք ուժերից՝ «Իմ քայլը» դաշինք (88 մանդատ), ԲՀԿ (26 մանդատ) եւ «Լուսավոր Հայաստան» (18 մանդատ):