Նախարար Արտեմ Ասատրյանը ՍԴ անդամների հարցերին չի կարողանում պատասխանել

13

Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի քննության ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հաճախ վատ դրության մեջ են ընկնում ՍԴ անդամների հարցերին հստակ պատասխաններ չտալու համար:

ՍԴ նախագահի հարցմանը նվազագույն աշխատավարձի մասով, համաձայն որի  քաղաքացու նվազագույն աշխատավարձ ստանալը նրա սահմանադրական իրավունքն է, և արդյոք այդ նվազագույն աշխատավարձ ստացողից էլ են պարտադիր գանձում այդ գումարները, մինչդեռ նախորդ օրենքի համաձայն գործատուից էր գանձվում նրա սոցիալական վճարը: Նախարար Արտեմ Ասատրյանը շատ երկարաշունչ փորձեց պատասխանել, որ կառավարությունն ամեն ինչ անում է նվազագույն աշխատավարձի հարցերը լուծելու և օրենսդրական որոշակի բարեփոխութմներ մտցնելու համար, սակայն Ասատրյանին ընդհատեց ՍԴ նախագահ Հարությունյանը՝ նշելով, որ իրենց չի հետաքրքրում կառավարության առաջիկա անելիքները, և որ Ասատրյանը հարցին հստակ պատասխանի: Ասատրյանը նշեց, որ այո պարտադիր կարգով պահվելու է նաև նվազագույն աշխատավարձ ստացողների գումարներից: ՍԴ նախագահը հարցրեց նաև գործատուներին հատուկ կարգավիճակ տալու մասին, ըստ որի գործատուն զութ գումար փոխանցող է դառնում՝ որևէ կերպ մասնակից չդառնալով սոցիալական ապահովության  գումարներ վճարելու գործընթացին: Այս հարցին նախարար Ասատրյանը ամեն ձևով փորձեց շրջանցել: ՍԴ նախագահը, չստանալով որևէ ստույգ պատասխան, անցավ հաջորդ հարցին: 

Իսկ  ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանին հարցրեց՝  արդյոք կենսաթոշակ ստանալը քաղաքացու սահմանադրական իրավո՞ւնքն է: Նախարար Ասատրյանը պատասախանեց, որ այո:

Այնուհետև հաջորդեց Թոխյանի մյուս հարցը`քաղաքացին կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակ ստանալու իրավունքից: 

«Կենսաթոշակի իրավունք ստանալուց հետո քաղաքացին դիմում է ներկայացնում, որ ցանկանում է ստանալ կենսաթոշակ: Նա դիմում է ներկայացնում, նոր է սկսում կենսաթոշակ ստանալ», -պատասխանեց Արտեմ Ասատրյանը: 

Թոխյանը հարցադրում արեց, թե ինչու պետք է քաղաքացին պարտադիր վճարի, որպեսզի կենսաթոշակ ստանա, եթե կարող է հրաժարվել:

Արտեմ Ասատրյանի պատասխանը զավեշտալի էր. «Վճարելը դա արդեն պարտականություն է»:

«Այսինքն, դուք ինչո՞ւ եք քաղաքացուն ասում` արի 40 տարի վճարի, որ հետո դու իրավունք ունենաս հրաժարվել»,- ասաց ՍԴ անդամը:

Ասատրյանը կրկին փորձեց հարցին երկարաշունչ պատասխանել՝ արդարացնելով համակարգում առկա խնդիրները: