ՀՀ Ազգային Ժողովում միջազգային խորհրդաժողովի ընթացքում այսօր տեղի ունեցավ այն, ինչ ամեն օր տեղի է ունենում ադրբեջանական խորհրդարանում ու զլմ-ներում, բայց այս անգամ հերոսը ոչ թե ադրբեջանի շարքային չինովնիկ էր կամ նախագահը, այլ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան ոմն Աուրելիա Գրիգորիուն: Գրիգորիուն, հավանաբար նույնիսկ մոլդովացի չլինելով, մեր ԱԺ ամբիոնից «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ հայտարարեց. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,-նշելով, որ Հայաստանը «ագրեսոր» երկիր է:
Բայց զավեշտալին այն է, որ մեր խորհրդարանի նախագահը, պատգամավորները չդադարեցրին այս տիկնոջ ելույթը, ով նույնիսկ հասավ նրան, որ ասաց. «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։
Ցավոք սրտի, այս խորհրդաժողովի մասնակիցներից ոմանք նույնպես համակարծիք էին այս անհայտ ծագումնաբանությամբ տիկնոջ խոսքերի հետ և անգամ նրա հակահայ ելույթից հետո ծափահարեցին։
Լավ է գոնե ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տեղը դրեց այս Գրգորիուին՝ ասելով. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման։ Այսպիսի հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարևանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին։ Ես գտնում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտություններում»
Չնայած Նաղդալյանի խոսքերին՝ մոլդովացի տիկինը պարզվում է այդպես էլ չհասկացավ, թե ինչպիսի հիմարություններ է դուրս տալիս՝ կատարելով իր պատվիրատուների պահանջը և նշեց, որ ինքը նույնիսկ չի էլ ուզում խորանալ այս հակամարտության մանրամասների մեջ:
Նման նոնսենս մեր ԱԺ-ն դեռ չէր տեսել: Ցավոք սրտի արձանագրում ենք, որ հակահայ քարոզչությունը, ադրբեջանական լոբբին արդեն աստիճանաբար հասնում է Հայաստան, ինչ-որ անհետաքրքիր գիտաժողովի միջոցով, անհայտ ծագումնաբանության, իրենից ոչինչ չներկայացնող մի տիկնոջ կողմից: Գրանցում ենք հերթական դեպքը, երբ մեր երկրում մեր դեմ են խոսում: Սթափվել է պետք: